Կանանց միջազգային օրը ծնվել է կանանց իրավունքների համար մղվող բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է «Գարնանային»՝ ևս մեկ հանգստյան օր: Ծաղիկներ, շնորհավորանքներ, նվերներ․․․
Ինչպե՞ս են Երևանում այս տարի նշելու մարտի 8-ը, Armenia Today-ը փորձել է իմանալ քաղաքացիներից։ Գնելո՞ւ են արդյոք ծաղիկներ և ի՞նչ անակնկալ են պատրաստել իրենց սիրելիների համար, պատմում են երևանցիները։
Իսկ մինչ այդ՝ մի փոքր նախապատմություն․ մարտի 8-ի տոնի պատմությունն սկսել է 1908 թվականից հետո, երբ կանայք երթով քայլում էին Նյու Յորքի փողոցներով՝ հանդես գալով տղամարդկանց հետ հավասար իրավունքների և աշխատանքային անտանելի պայմանների դեմ։ Նրանք պահանջում էին կրճատել աշխատանքային ժամերը, բարձրացնել աշխատավարձերը, արգելել երեխաներին աշխատեցնել և ունենալ ընտրելու իրավունք։
Տոնն իր ժամանակակից տեսքով ստեղծող է համարվում Կլարա Ցետկինը, որը 1870-ականներից մասնակցել է Գերմանիայում սոցիալիստական շարժմանը և պայքարել կանանց իրավունքների համար։ 1892-1917 թվականներին նա եղել է կանանց սոցիալիստական Die Gleichheit («Հավասարություն») թերթի գլխավոր խմբագիրը, որը հոդվածներ էր հրապարակում ընտրական իրավունքի, չվճարվող աշխատանքի և կանանց միջազգային շարժման մասին։
1907 թվականին նա դարձել է Միջազգային սոցիալիստական կանանց կոնգրեսի համահիմնադիրը։ Շտուտգարտում՝ իր առաջին համագումարի ժամանակ, բազմաթիվ վեճերի ֆոնին, թե ինչպես փոխանցել իշխանություններին ձայնի իրավունքի և աշխատանքային պայմանների բարելավման իրենց պահանջները, գաղափար է առաջացել մայիսմեկյան ցույցերի օրինակով, որն այն ժամանակ արդեն ավանդույթ էր դարձել, համատեղ անցկացնել ամենամյա զանգվածային ակցիաներ։ Հաջորդ տարի ցույցեր են անցկացվել Ավստրիայում, Դանիայում և Շվեյցարիայում, որտեղ, ընդհանուր առմամբ, ավելի քան 1 միլիոն կանայք և տղամարդիկ են մասնակցել։
Հայաստանում մարտի 8-ը նշվում է Խորհրդային Միություն մտնելու ժամանակներից։ Խորհրդային տարիներից ի վեր՝ մարտի 8-ը դարձել է խորհրդային սիմվոլիկ քաղաքականության մի մասը, անհավասարության դեմ բողոքի ակցիայից վերածվել է տոնակատարության, իսկ կարգախոսները փառաբանել են խորհրդային կնոջ կերպարը:
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում որպես մայրության և գեղեցկության տոն նշվում է ապրիլի 7-ը։ Այն նաև անցյալից հրաժարվելու միտում ունի։ Սակայն 2001 թվականից մարտի 8-ը կրկին վերականգնվել է որպես կանանց տոն, և այժմ Հայաստանում տոնում են կանանց միամսյակ, որը տևում է մարտի 8-ից ապրիլի 7-ը։
Քաղաքացիները պատմում են, որ մարտի 8-ը հիմնականում նշելու են աշխատավայրում կամ տանը՝ ընտանիքի անդամների հետ։ Իսկ հարցին, թե ի՞նչ է պետք կանանց երջանիկ լինելու համար, քաղաքացիների մեծ մասը նշում է՝ ամենակարևորը՝ խաղաղություն։
«Շնորհավորում եմ տիկնոջս, աղջկաս և բոլորի մարտի 8-ը, ցանկանում եմ, որ ոչ ոքի աչքերում արցունք չլինի, բոլորի ընտանիքներում ուրախություն տիրի։ Եթե կինը երջանիկ է, տղամարդն էլ երջանիկ կլինի»,- ասում է քաղաքացիներից մեկը։
Մյուսն էլ ասում է, որ չի նշելու, իր համար սովորական օր է․ «Բայց, սովորաբար, ընտանիքիս հետ եմ նշում, թոռնիկս ու աղջիկս են գալիս, երեխաներիս հետ եմ լինում»։
Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ իրենք մարտի 8-ը չեն նշում, որովհետև ունենք մերը՝ ապրիլի 7-ը․ «Մարտի 8-ը սովետական բան է, իսկ ես Սովետական Միությունից վաղուց հրաժարվել եմ»,- ընդգծում է նա։
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներին կվճարվի փոխհատուցում՝ իրենց անշարժ գույքի շուկայական արժեքի չափով, գումարած 15 տոկոս` համաձայն սեփականության օտարման մասին օրենքի:
Էմմա Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում։