Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներին կվճարվի փոխհատուցում իրենց անշարժ գույքի շուկայական արժեքի չափով` գումարած 15 տոկոս` համաձայն սեփականության օտարման մասին օրենքի:
Փետրվարի 26-ին քաղաքապետարանի նիստում հայտարարված 139 214 դրամը, ըստ Կոստանյանի, ամեն տեսակի շահարկումների առիթ է դարձել։ Մինչդեռ այդ գումարները կապ չունեն փոխհատուցման չափի հետ, որը հետագայում կստանան Կոնդի բնակիչները, պարզաբանել է նա։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ փոխհատուցման չափը որոշելու համար անհրաժեշտ է, որ Կոնդի բնակիչները փաստաթղթավորեն սեփականության իրավունքը։ Այս խնդիրները լուծելու համար քաղաքապետարանը, Կոնդի բնակիչների խնդրանքների հիման վրա, աշխատանքներ է տանում թաղամասի սահմանները և հողամասերի չափերը որոշելու և ճշտելու ուղղությամբ, ինչի համար նախատեսված է պետական տուրք՝ կադաստրային արժեքի 2%-ի չափով։
«Կադաստրային գոտիով սահմանված 139 000 ՀՀ դրամի դեպքում՝ 139 000-ի 2%-ը կազմում է 2 780 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քռ.մ-ի թվին: Պայմանական՝ 100 քռ.մ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 278 000 ՀՀ դրամ տեղական տուրք: Կադաստրային գոտիով սահմանված 214 000 ՀՀ դրամի դեպքում՝ 214 000-ի 2% կազմում է 4 280 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քռ.մ-ի թվին: Պայմանական 100 քռ.մ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 428 000 ՀՀ դրամ տեղական տուրք»,- պարզաբանել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 26-ին ասել էր, որ քաղաքապետարանը վաճառքի է հանելու Երևանի Կոնդ թաղամասը՝ քաղաքաշինական նոր ծրագիր իրականացնելու համար։ Նա ընդգծել էր, որ անհրաժեշտ է ամրագրել Կոնդի բնակիչների իրավունքները իրենց անշարժ գույքի նկատմամբ՝ օտարման գործընթացում հնարավոր խնդիրները վերացնելու համար։ Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանն ասել էր, որ 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը (կախված գոտիավորումից) տատանվում է 139-ից 214 հազար դրամի սահմաններում։