Երևանի տրանսպորտի թանկացման նախագիծը ընդգրկված է լինելու ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին:
Նրա խոսքով՝ այն կներկայացվի արդեն վերջնական քննարկման ու կընդունվի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ քաղաքային իշխանությունները վերջին պահին առանց ընդդիմադիր ավագանու անդամների են հարցը բերել օրակարգ ու միանձնյա ընդունել այն։
«Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել գաղտագողի, այսինքն՝ նիստը հրավիրված է եղել, բայց հարցը օրակարգ մտցրել են նիստը սկսելուց 1 ժամ առաջ՝ հրատապի տակ. թե ո՞րն էր հրատապությունն այս հարցի, չեմ կարող ասել: Երբ ՔՊ-ի հետ ընդհանուր հայտարարի չեկանք, ես, թվեր հրապարակելով, նրանց ասացի, որ վատ կառավարիչ են, ու մենք էլ լքեցինք հանձնաժողովի դահլիճը: Իրենք իրենց անցկացրին նախագիծը՝ առանց ընդդիմության»,- օրաթերթի հետ զրույցում պատմել է Մանուկյանը:
Ավագանու ընդդիմադիր թևը հակված է բոյկոտել նիստը։ «Ես վստահ եմ, որ մեր խմբակցությունը օրինագծի քվեարկությունը կբոյկոտի. բոյկոտը միակ գործիքակազմն է, քանի որ դեմ քվեարկելը նույնն է, ինչ կողմ քվեարկելը»,- նշել է նա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 7-ին առաջին փուլով ընդունել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:
Մարտի 7-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ էր հաղորդել միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծի մասին, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում: Նա հայտնել էր, որ նախագծով նախատեսվում է 30 օրվա համար վճարել 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար՝ 23 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Փետրվարի 13-ին Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր, որ մտադիր են տրանսպորտային միասնական համակարգի նախագծում ներառել սուբսիդավորման փաթեթներ բնակչության խոցելի խավերի համար, ինչպես նաև վերանայել սակագները։
Armenia Today-ը հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ, մեծամասնությունը նախագծին դեմ էր արտահայտվել։