Ռուսաստանցի խառը մենամարտերի մարտիկ Էդուարդ Վարդանյանը մարզահրապարակ կկառուցի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, հայտնել է մարզիկն Instagram-ում։
«Հիմա մենք Սիսիան քաղաքում ենք, և այս վայրում կկառուցենք ութերորդ մարզահրապարակը։ Սա ամբարտակի մոտ գտնվող կենտրոնական այգին է»,- ասել է Վարդանյանը Սիսիանի Կարեն Դեմիրճյանի այգուց։
Վարդանյանն արդեն յոթ մարզահրապարակ է բացել Հայաստանի տարբեր քաղաքներում։ 2023 թվականի հունիսին Երևանում՝ Կասկադի մոտ, Վարդանյանը մարզահրապարակ էր բացել՝ ի պատիվ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինվորներ Հովիկ Սողոմոնյանի և Մկրտիչ Հարությունյանի։ Ավելի ուշ նա հայտարարել էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կենտրոնական զբոսայգում մարզահրապարակի կառուցման մասին։ Մարտիկն ասել էր, որ Վարդենիսում նախատեսվում է նաև ըմբշամարտի մարզադպրոցի կողքին մարզահրապարակ կառուցել։ Կապան քաղաքի մարզահրապարակը բացվել էր 2023 թվականի օգոստոսին։