Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խոսել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ և Խնձորեսկ գյուղեր տանող ճանապարհների վերանորոգման ժամկետների մասին։ Նրա խոսքով՝ նախարարության աշխատակիցները գյուղում հանդիպման ժամանակ նշել են, որ ճանապարհը հիմնանորոգման կարիք ունի։
«Բայց ճանապարհ կառուցելը մի գործընթաց է, որը չենք կարող այսօր ֆիքսել և երկու օր հետո սկսել դրա կառուցման գործընթացը։ Ուստի պետք է այդ բնակավայրերի մեր հայրենակիցներից նորից ներողություն խնդրել և հորդորել համբերել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ 2023 թվականին ողջ հանրապետությունում 803 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարել։
Սանոսյանը տեղեկացրել է, որ 2022 և 2023 թվականներին Սյունիքի սահմանամերձ գյուղերի մերձակա ճանապարհների վերաբերյալ փաստաթղթավորում է իրականացվել, պատվիրվել են նախագծեր, կատարվել են նախագծային աշխատանքներ։ Նախարարի խոսքով՝ վերջերս նախագծերից մեկն արդեն փոխանցվել է նախարարությանը, իսկ երկրորդը փորձաքննության փուլում է։ Սանոսյանն ասել է, որ առաջիկա 2-3 ամսում կհայտարարվի համապատասխան մրցույթ։
Միաժամանակ նա հայտարարել է, որ ճանապարհների վերանորոգումը չի ավարտվի 2024 թվականին։ Նախարարի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ մեկ ճանապարհի երկարությունը 18,3 կմ է, իսկ աշխատանքների արժեքը՝ մոտավորապես 3,3 մլրդ դրամ (ավելի քան 8 մլն դոլար)։ Երկրորդ ճանապարհի երկարությունը 10 կմ է, իսկ աշխատանքների նախագծային արժեքը կկազմի 2,3 մլրդ դրամ (ավելի քան 5,7 մլն դոլար):
«Այդ ճանապարհները մեր ցանկի մեջ են, ընթացիկ աշխատանքներ են, որոնք հերթով կիրականացվեն»,- հայտնել է Սանոսյանը։ Նա հավելել է, որ Գորիսի հատվածում արդեն վերանորոգվել է 4 կմ, Գորիս-Տեղ հատվածում՝ 16 կմ ճանապարհ։ Նախատեսվում է նաև վերանորոգել Շինուհայր-Տաթև հատվածը։
Մանրամասները՝ տեսանյութում: