«Սյունիք» օդանավակայանը ձեռք է բերել ամպի ստորին շերտի բարձրությունը չափելու նոր սարքավորում, որը կբարելավի թռիչքների անվտանգությունը և էապես կնվազեցնի թռիչքների չեղարկումները, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ օդանավակայանի շահագործման 7 ամիսների ընթացքում իրականացվել է 35 չվերթ։ Նա հիշեցրել է, որ Երևան-Կապան-Երևան ուղղությամբ առաջին չվերթն իրականացվել է 2023 թվականի ապրիլի 26-ին և ունեցել է տեխնիկական բնույթ, իսկ կոմերցիոն թռիչքներն սկսվել են օգոստոսի 21-ից և իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Վարդանյանը հայտնել է, որ օդանավակայանը գործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի միջոցներով և ի սկզբանե նախատեսված է եղել (բացվել է 1972 թվականին) նաև միջազգային թռիչքների համար։ Օդանավակայանի ներուժը, ըստ նրա, լիովին բավարարում է այս պահանջներին, սակայն դրա համար պետությունը պետք է որոշ իրավական և տեխնիկական հարցեր լուծի, որից հետո օդանավակայանը կարճ ժամանակում կդառնա միջազգային։
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևանից Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաք կանոնավոր չվերթերի մեկնարկի մասին։ Օգոստոսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթով հասել էին Կապան։ Այս ֆոնին օգոստոսի 18-ին և 19-ին ադրբեջանական զինուժը կրակել էր Կապանի օդանավակայանի վրա։
Օգոստոսի 24-ին Հայաստանի կառավարությունն աջակցություն էր խնդրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ICAO)՝ ադրբեջանական զինուժի կողմից Կապանի օդանավակայանի հրթիռակոծումը կանխելու համար։ Սեպտեմբերի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիների կողմից Սյունիքի օդանավակայանի երկրորդ գնդակոծության մասին։