Հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի անունը կրող Կոնսերվատորիան ստեղծվել է 1921 թվականին, ավելի քան 100 տարվա պատմություն ունի։ Հիմնադրումից ավելի քան կես դար անց՝ 1975-ին, շահագործվել է Կոնսերվատորիայի նոր շենքը, որը նախագծել է հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի որդին՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանը։
Գիտական, մշակութային ամբողջն ներուժն իր մեջ կրող շենքը կարող է այլևս որպես բուհ չծառայել, քանի որ կառավարությունը որոշել է համալսարանները միավորել մեկ տարածքում։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսները, ուսանողներն ու երաժշտական հանրույթը դեմ են, որ համալսարանը բուհերի միավորման ծրագրով «Ակադեմիական քաղաքի» մաս դառնա և, ըստ նախագծի, Երևանի Կենտրոնից տեղափոխվի 17-րդ թաղամասի տարածք։
Նրանք համախմբվել են «Կոնսերվատորիայի միասնական շարժում» նախաձեռնության շուրջ և հայտարարում են, որ բուհը «չի՛ տեղափոխվելու, չի՛ միանալու այլ բուհի և «Ակադեմիական քաղաքի» մաս չի՛ կազմելու»։
Կոնսերվատորիայի միասնական շարժման մասնակից Նարեկ Խառատյանը սովորում է Կոնսերվատորիայում, 4-րդ կուսի ուսանող է։ Armenia Today-ին պատմել է նախաձեռնության նպատակների մասին։ Ասում է՝ բուհը պաշտպանելու համար պատրաստ են ցանկացած քայլի։
«Տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կոնսերվատորիան տեղափոխվելու է «Ակադեմիական քաղաք»։ Տեղի ունեցավ համակոնսերվատորիական մեծ ժողով, որին ներկա էին բոլոր ուսանողներն, դասախոսները, ռեկտորն ու պրոռեկտորները։ Մենք միահամուռ արտահայտեցինք մեր կարծիքը, ըստ որի՝ Կոնսերվատորիան պետք է իր տեղում մնա։ Սա նախաձեռնություն է՝ պահպանելու, պաշտպանելու մեր Կոնսերվատորիան, մեր ավանդույթները, մեր երաժշտությունը»,- նշել է Խառատյանը։
Նախաձեռնության անդամները բուհը չտեղափոխելու պահանջով համալսարանում մարտի 13-ից եռօրյա ստորագրահավաք էին իրականացրել։ Արդյունքները դեռ չեն ամփոփել, բայց պատրաստվում են ստորագրությունների հիման վրա դիմում ուղարկել ԿԳՄՍ նախարարություն։
Խառատյանը հայտնել է, որ առցանց տարբերակով ստորագրահավաքը շարունակվելու է մինչև մարտի 25-ը։ Այս պահի դրությամբ` change.org կայքում ավելի քան 3000 ստորագրություն է հավաքվել։ Նա նշել է, որ ուսանողների, դասախոսների ու շրջանավարտների աղմուկից հետո բուհի ղեկավարության և ԿԳՄՍ նախարարության միջև քննարկումներ են սկսվել։
«Սպասում ենք այդ քննարկումների և ստորագրահավաքի արդյունքներին, ըստ որի կորոշենք մեր հետագա քայլերը։ Այս պահին ընտրված է այս մեթոդը, բայց երաժշտական հանրույթը նաև այլ քայլերի է պատրաստ»,- հավելել է նա։
Ցանկացած օրենք կարող է վերանայվել, նկատել է Խառատյանը՝ մեկնաբանելով մարտի 14-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այն հայտարարությունը, թե բուհերի օպտիմալացման ծրագիրն օրենք է։
«Այս օրենքը վերանայման կարիք ունի. Կոնսերվատորիան չպետք է լինի «Ակադեմիական քաղաքում»։ Իր երկարամյա գործունեությամբ, շրջանավարտների քանակով, որոնց թվում կան բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտներ, վաղուց ապացուցել է իր արդյունավետությունն ու մրցունակությունը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս»,- ընդգծել է նա։
Խառատյանը համոզված է՝ Կոնսերվատորիան յուրօրինակ համակարգ է, որը խախտելով՝ քանդվելու է երաժշտական հանրույթին ու ավանդույթները կապող օղակը։ Նա նշել է, որ Սփյուռքի աշխարհահռչակ երաժիշտները ևս սատար են կանգնել համակոնսերվատորիական շարժմանը։
Կոնսերվատորիայում համոզված են՝ իրենց ձայնը լսելի է ամբողջ աշխարհում։ Վստահ են՝ երաժիշտների եզակի համախմբվածությունը բուհը չտեղափոխելու իրենց նպատակի իրականացման կարևոր նախապայմաններից է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բադալյան