Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները դեմ են արտահայտվել համալսարանը Երևանի կենտրոնից «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմանը, ասվում է նախաձեռնող խմբի կողմից տարածած հայտարարության մեջ, որը ստորագրահավաք է կազմակերպել՝ ընդդեմ Կոնսերվատորիան այլ բուհերի հետ միավորելուն։
«Մենք՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներս, ուսումնաօժանդակ և վարչական կազմերի անդամներս, ուսանողներս և շրջանավարտներս, կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան որևէ այլ բուհի հետ միավորելուն, ներկայիս շենքից Կոնսերվատորիան տեղափոխելուն, «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելուն»,- նշվում է դիմումի մեջ։
Նրանք պահանջել են Հայաստանի միակ երաժշտական բուհը չներառել «Ակադեմիական քաղաք» նախագծում, պահպանել բուհի կարգավիճակը և ինքնավարությունը՝ իր ներկայիս պատմական շենքում։ Կոնսերվատորիան ԿԳՄՍՆ-ին է ներկայացրել նաև իր դիրքորոշման հիմնավորումները։
Ստորագրահավաքն սկսվել էր մարտի 13-ին և ավարտվել մարտի 25-ին։ Նամակն ստորագրել է նախաձեռնության 6290 մասնակից. change.org կայքի միջոցով ստորագրահավաքին առցանց ձևաչափով մասնակցել են ԵՊԿ՝ արտերկրի շրջանավարտներ, ՀՀ քաղաքացիներ և սփյուռքահայեր։
Մարտի 11-ին երգչուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Աննա Պողոսյանն ահազանգել էր ԿԳՄՍ նախարարության կողմից բուհը փակելու մտադրության մասին (բուհերի խոշորացման ծրագրով բուհերը կմիավորվեն «Ակադեմիական քաղաքում» – խմբ․)։ Տարածվել էր նաև բուհերի ցանկ, որոնք, ըստ ահազանգերի, ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է միավորել։ Նախարարությունը բացատրել էր, որ նշվածն այն բուհերի ցանկն է, որոնք ընդգրկվելու են ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի աշխատանքային խմբերի կազմում։
Մարտի 14-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արձագանքելով կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների դժգոհությանը, հայտարարել էր, որ Կոնսերվատորիայի շուրջ բոլոր կարծիքները նախարարությունը կլսի՝ միևնույն ժամանակ նշելով, որ բուհերի միավորման ծրագիրն օրենք է:
Կոնսերվատորիայի միասնական շարժման մասնակից Նարեկ Խառատյանը Armenia Today-ին պատմել էր նախաձեռնության նպատակների մասին և հայտնել, որ բուհը պաշտպանելու համար պատրաստ են ցանկացած քայլի։ Նրա խոսքով՝ բուհն իր գործունեությամբ, տարիների աշխատանքով համաշխարհային մակարդակով ապացուցել է իր արդյունավետությունն ու մրցունակությունը: