Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է և նրանք կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ գերատեսչության՝ Գառնի գյուղի բնակիչ ամուսիններն ապօրինի ձեռք են բերել և պատրաստել առանձնապես խոշոր չափերի հասնող՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ: Ամուսինների վարձակալած առանձնատանը, այլ հասցեում, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում կատարված խուզարկություններով մաս-մաս, բազմաթիվ փաթեթներով հայտնաբերվել են ընդհանուր 66,91 գրամ «Մեֆեդրոն», մոտ 9 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։
Առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են նաև սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա, մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ տարաներ՝ լցված տարբեր քիմիական նյութերով և պրեկուրսորներով, թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ:
«Գառնի գյուղի բնակչուհին իրացման նպատակով թմրամիջոց պատրաստելու, աճեցնելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել ՌԴ քաղաքացի ամուսնու, նրա՝ ՌԴ քաղաքացի ընկերոջ և Երևանի բնակիչ մեկ այլ քաղաքացու հետ։ Խմբի 4 անդամին մեղադրանք է ներկայացվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջով է կիրառվել կալանավորումը, գործն ուղարկվել է դատարան»,- հայտնում է ՔԿ-ն։
Ըստ հաղորդագրության՝ միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների իրացման ամբողջական շղթան, դրանում ներգրավված անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։