ՀՀ կառավարությունն առաջարկվում է ՀՌՀ նախագահի և անդամի գործակիցները վերանայել ու համամասնորեն բարձրացնել, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
Ըստ նրա` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է ՀՌՀ և ԿԸՀ նախագահների աշխատավարձերի ավելացում` 14 գործակցով, իսկ անդամներինը` 10 գործակցով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ կապ ունեն այս հանձնաժողովները միմյանց հետ, որ խնդիր է տրվում նրանց աշխատավարձերը համապատասխանեցնել։
«Ինչքանո՞վ են բարձրանում նրանց աշխատավարձերը։ Ի՞նչ դրական, ոգևորիչ աշխատանք են կատարել, որ խնդիր է դրվել նրանց աշխատավարձերը բարձրացնել։ Այն աստիճան ենք հարստացել ու բոլոր խնդիրները լուծել, որ 38 մլն դրամը հաշվում ենք չնչին փո՞ղ»,- հարցրել է Նազարյանը։
Ի պատասխան՝ Քալաշյանը նշել է, որ բյուջեն անիմաստ ծանրաբեռնել չի կարելի, սակայն այս պարագայում գործ ունենք ոչ թե անիմաստ ծանրաբեռնվածության, այլ օրենքի սկզբունքների պահպանման հետ։
«Հիմնական աշխատավարձը հաշվարկվում է գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով։ Բազային աշխատավարձը 86․000-ի կարգի է, եթե 10-ը դարձնում ենք 14, բազմապատկում ենք, կտեսնենք, ինչ է ստացվում»,- ասել է նա։
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը նշել է, որ հետագա մասնագիտական քննարկումներում վարձատրության բարեփոխումների շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ վիճահարույց խզվածքներին և հաղթահարել որոշակի աղավաղումները:
«Կառավարության կողմից հաստատված բարեփոխումների ռազմավարությամբ դա նույնպես նախատեսված է, և մինչև 2026 թվականը մենք հանձնառություն ունենք իրականացնելու այդ բարեփոխումը»,- ասել է Վաչե Քալաշյանը:
Նախագիծն ստացել է դրական եզրակացություն:
Մանրամասները՝ տեսանյութում։