Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է հայազգի 9-ը գործարար։
Հրատարակությունը 2024 թվականին իր ցուցակում ներառել է 2781 միլիարդատերի, ինչը 141-ով ավելի է, քան 2023 թվականին։ «Նրանք ավելի հարուստ են, քան երբևէ՝ 14,2 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ, ինչը 2 տրիլիոն դոլարով ավել է 2023 թվականի համեմատ և 1,1 տրիլիոն դոլարով գերազանցում է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2021 թվականին»,- գրում է Forbes-ը։
«Միացյալ Նահանգները կարող է պարծենալ միլիարդատերերի ամենամեծ թվով` ցուցակի 813 անդամով, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 5,7 տրիլիոն դոլար»,- նշում է հրատարակությունը: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ ներառյալ Հոնկոնգը, ընդհանուր 473 միլիարդատեր՝ 1,7 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ։ Երրորդ տեղում Հնդկաստանն է՝ 200 միլիարդատերով։
Հայերից ամենահաջողակը ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Գալիցկին է (ազգանունը մինչ ամուսնությունը՝ Հարությունյան), ով Forbes-ի համաշխարհային ցուցակի 991-րդ տեղում է։ Magnit մանրածախ ցանցի հիմնադրի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահի կարողությունը գնահատվում է 3,3 միլիարդ դոլար, ինչը 10 միլիոն դոլարով ավելի է 2023 թվականի համեմատ։ Գալիցկին իր հայկական արմատների մասին խոսել է «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Ես 75%-ով էթնիկ ռուս եմ, 25%-ով՝ հայ, քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք, հայերեն չգիտեմ, այնուամենայնիվ, հպարտ եմ իմ հայկական արմատներով»,- 2013թ. ասել էր նա:
Գալիցկուն հաջորդում է հայազգի արգենտինացի գործարար և Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը, ով 3 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է ցուցակի 1104-րդ հորիզոնականը, 2023 թվականին նա զբաղեցրել էր 1575-րդ տեղը։ Էռնեկյանն սկզբում աշխատել է տեքստիլ արդյունաբերության ոլորտում, այնուհետև՝ 1980-ականներին, տեղափոխվել է կաբելային հեռուստատեսություն, իսկ 1990-ականներին արգենտինական Cablevision հեռուստատեսային ցանցի վաճառքից ստացել է 750 միլիոն դոլար։ Corporacion America-ի հետ միասին Էռնեկյանն ունի ավելի քան 50 օդանավակայան ամբողջ աշխարհում, որոնց եկամուտը գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը, նրա ակտիվները ներառում են Արգենտինայում նավթի և գազի արդյունահանման օբյեկտներ, հանքավայրեր և խողովակաշարեր:
Հայերից երրորդ տեղում Ալբերտ Ավդոլյանն է՝ զբաղեցնելով 1143-րդ տեղը։ Yota ընկերության ստեղծողը, որը դարձել է առաջին LTE օպերատորը Ռուսաստանում, մեկ տարվա ընթացքում ավելացրել է իր կարողությունը 70 միլիոն դոլարով՝ հասցնելով մինչև 2,9 միլիարդ դոլար: Նրան են պատկանում Հեռավոր Արևելյան և Սիբիրյան ածխի արդյունահանման և գազի ընկերությունները: Ավդոլյանն իր կապիտալն ստացել է ռուսական Megafon և Yota օպերատորների բաժնետոմսերի վաճառքից, նշում է Forbes-ը։ 2022 թվականին նրա A-Property ընկերությունն սկսել է կառուցել մասնավոր Խաղաղօվկիանոսյան երկաթուղին՝ Յակուտիայում գտնվող Էլգա ածխի հանքավայրից մինչև Խաբարովսկի երկրամասի Օխոտսկի ծովի ափին գտնվող Էլգա նավահանգիստ: Դրա երկարությունը կկազմի մոտ 500 կմ։
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը Ավդոլյանի հետ կիսել է 1143-րդ տեղը։ Կարապետյանի կարողությունը, չնայած համաշխարհային շուկայի բացասական իրավիճակին, ավելացել է 20 մլն դոլարով և հասել 2,9 մլրդ դոլարի։ Խմբի ակտիվների թվում են Հայաստանից էներգետիկ օբյեկտներ և Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից մեկը։
Հայկական ծագմամբ ռուս և անգլիացի ձեռնարկատեր Անդրեյ Անդրեևը (Օհաջանյանց) 2,1 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 1545-րդ հորիզոնականը։ 2004 թվականից Անդրեևն ստեղծել է առցանց ծանոթությունների հինգ կայք և հավելված՝ Mamba, Badoo, Bumble, Chappy և Lumen: Նրա ամենահաջող նախագիծը ԱՄՆ-ում ստեղծված Bumble-ն է։ 2019-ի նոյեմբերին Անդրեևը վաճառել է իր բաժնետոմսերը Bumble և Badoo-ում Blackstone Group-ին, որը դրանք գնահատել է 3 միլիարդ դոլար։
Ծնունդով հայ ձեռներեց Քիմ Քարդաշյանը 2259-րդ տեղից բարձրացել է 1851-րդ՝ տարվա ընթացքում ավելացնելով իր կարողությունը 50 միլիոն դոլարով և հասցնելով 2,7 միլիարդ դոլարի։ Քարդաշյանը համբավ է ձեռք բերել «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի թողարկումից հետո և կարողացել է այն վերածել տասը նիշանոց կարողության։ 2023 թվականի հունիսին Քարդաշյանը և նրա խորթ քույրը՝ Քայլի Ջենները, ընդգրկվել են Forbes-ի կողմից Ամերիկայի 100 ամենահարուստ ինքնուրույն հաջողության հասած կանանց ցուցակում։
Ռուսական Fix Price ռիթեյլերի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը վարկանիշում զբաղեցրել է 1945-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է 1,6 մլրդ դոլար, ինչը 50 մլն դոլարով պակաս է 2023 թվականի համեմատ։ Fix Price-ը ներառում է ավելի քան 4000 խանութ Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Բելառուսում, Լատվիայում, Ղրղզստանում և Ուզբեկստանում:
Ամերիկաբնակ կանադահայ գործարար, բիոտեխնոլոգիական Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն զբաղեցրել է 2152-րդ տեղը՝ 1,4 մլրդ դոլար կարողությամբ, ինչը 20 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա նրա ունեցվածքից։ Նա նաև Flagship Pioneering-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որը Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնված գիտությունների նորարարական ընկերություն է: Իր կենդանության օրոք Աֆեյանն օգնել է հիմնել ավելի քան 70 պետական և մասնավոր ընկերություն առողջապահության և կենսաբանության բնագավառներում: Բացի Moderna-ում իր բաժնետոմսերից, նա նաև բաժնետոմսեր ունի Միացյալ Նահանգների ավելի քան մեկ տասնյակ հրապարակային բիոտեխնոլոգիական ընկերություններում: Աֆեյանը միլիարդատեր է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության շնորհիվ:
Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կարողությունը նվազել է 100 միլիոն դոլարով: Forbes-ի 38-րդ դոլարային միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում նա զբաղեցրել է 2545-րդ տեղը՝ 1,1 միլիարդ դոլար կարողությամբ, 2023 թվականին Վարդանյանը՝ 1,2 միլիարդ դոլար կարողությամբ, վարկանիշում զբաղեցրել է 2259-րդ տեղը։ Վարդանյանը դարձել է ՀՀ քաղաքացիություն ունեցող միակ միլիարդատերը Forbes-ի համաշխարհային վարկանիշում։ Դա պայմանավորված է նրանով, որ նա 2021 թվականին ստացել էր հայկական անձնագիր, իսկ 2022 թվականին հրաժարվել էր ռուսականից։ Մինչ այդ ամերիկյան ամսագիրը Վարդանյանին դասել էր ռուս միլիարդատերերի շարքին։