Հայաստանում 1100 քաղաքացիների ավելի քան 67%-ը բացասական է գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, տեղեկանում ենք MPG/Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած տվյալներից։ Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը Հայաստանի տարբեր մարզերում՝ հեռախոսային հարցազրույցի միջոցով։
Ըստ այդ տվյալների՝ միայն 8%-ն է լիովին դրական գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, ավելի շուտ դրական է գնահատել 17,1%-ը, ավելի շուտ բացասական՝ 19,9%-ը։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքն ընդհանրապես բացասական է գնահատել 47,1%-ը․ հարցին դժվարացել է պատասխանել 7,9%-ը։
Հարցված քաղաքացիների 79,7%-ը հավանություն չի տվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահամանազատում իրականացնելու Փաշինյանի մարտի 18-ի առաջարկին, ըստ որի սահմանազատման առաջին փուլը նախատեսվում է սկսել Տավուշի մարզից և ենթադրում է 4 գյուղի փոխանցում Ադրբեջանին: Հարցված քաղաքացիների միայն 2,9%-ի համար է միանշանակ ընդունելի այս մոտեցումը։ 6%-ի համար այն ավելի շուտ ընդունելի է։ 7,8%-ն ավելի շուտ ընդունելի չի համարում, իսկ 3,6%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Շուրջ 68%-ը չի հավատում, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան Ադրբեջանի հետ հասնել Հայաստանի շահերին համապատասխանող խաղաղության պայմանագրի։
Ըստ արդյունքների՝ 8,7%-ը միանշանակ հավատում է, որ ՀՀ ներկա իշխանություններն ունակ կլինեն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով
խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ 18,2%-ն ավելի շուտ հավատում է, 18,2%-ն ավելի շուտ չի հավատում։ 48,8%-ը պատասխանել է միանշանակ՝ ոչ, իսկ 6,2%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: