Ծնողները խուճապի որևէ առիթ չունեն, Երևանի դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման լուրերը կեղծ են, լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Տելեգրամ» ալիքներով տարածվող լուրին, թե իբր դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։
Անդրեասյանը նշել է, որ իրավապահներն ուսումնասիրում են կեղծ տեղեկությունները։
«Վերջին շրջանում նման լուրերի տարածման միտում է նկատվում, բայց մեր ծնողները և դպրոցները խուճապի և անհանգստության որևէ առիթ չունեն։ Դպրոցներում ուսումնական գործընթացը բնականոն կերպով է կազմակերպվում»,- հայտնել է նախարարը։
Նրա խոսքով՝ երեխաներին դպրոցներից տարհանելու անհրաժեշտություն չկա։ Նա հավելել է, որ, անկախ ամեն ինչից, դպրոցները մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում են։
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ հայտնել է, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։
Մանրամասները՝ տեսանյութում։