ՊԵԿ-ն ԱՄՆ-ից ներմուծված տարբեր առաքանիներից հայտնաբերել է 1405 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը հասնում է 70 միլիոն դրամի, տեղեկացնում է ՊԵԿ լրատվության բաժինը։
Մասնավորապես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ ՀՀ է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ 3 միջազգային սուրհանդակային առաքանի։ ԱՄՆ-ից «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ներմուծված 2 առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2-ական տարրա, որոնց ծավալը կազմել է 1195 գրամ։
Ըստ հաղորդագրության, առաքանին «Գլոբբինգ» ընկերության «Արաբկիր» սպասարկման սրահից ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ․ Ն․-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
«Պարզվել է, որ ԱՄՆ-ից «Գլոբալ Շիփփինգ»-ի միջոցով թմրամիջոցների պարունակությամբ ներմուծված ևս 1 միջազգային սուրհանդակային առաքանու իրական ստացողը նույնպես հանդիսանում է Հ․Ն-ն։ Առաքանին զննման է ենթարկվել, հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ` 105 գրամ քաշով»,- ասված է հաղորդագրությունում։
Մաքսային զննման է ենթարկվել նաև ԱՄՆ-ից Է.Լ.-ի անվամբ ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Այս ծանրոցում նույնպես հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, որի քաշը կազմել է 105 գրամ։ Պարզվել է, որ նշված 4 ծանրոցի իրական հասցեատերը հանդիսանում է ձերբակալված Հ․Ն-ն։
Փաստերի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: