Երևանի դպրոցներում ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։
«Ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից»,- տեղեկացնում է գերատեսչությունը։
Ըստ նախնական գնահատականի՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ, հայտնում է ԱԱԾ-ն։
«Հորդորում ենք չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել»,- ասված է հաղորդագրությունում։
Ապրիլի 12-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ ծնողները խուճապի որևէ առիթ չունեն, Երևանի դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման լուրերը կեղծ են։ Նրա խոսքով՝ երեխաներին դպրոցներից տարհանելու անհրաժեշտություն չկա։ Նա հավելել էր, որ, անկախ ամեն ինչից, դպրոցները մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում են։
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։