Իրանի կողմից ապրիլի 14-ի գիշերն Իսրայելի ուղղությամբ ԱԹՍ-ների և հրթիռների արձակման հետևանքով Իսրայելի հայ համայնքը զոհեր և վիրավորներ չունի, հայտնել է «Նաիրի» Պետախ-Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը։
Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանն էլ տեղեկացրել է, որ հայ համայնքն ապահով է, և ամեն ինչ հանգիստ է։
«Զոհեր և վիրավորներ չունենք։ Գնում ենք Սուրբ Հարության տաճար՝ աղոթքի»,- գրել է վարդապետ Հակոբյանը։
Չերնամորյանը նշել է, որ երկրի մի քանի տասնյակ շրջաններում՝ հիմնականում հյուսիսում, Նեգևում, հարավային և արևելյան շրջաններում տագնապի ազդանշաններ են հնչել, բայց Երուսաղեմում համեմատաբար հանգիստ է եղել։ Չերնամորյանի տեղեկություններով՝ Նեգևում գտնվող բեդվինական համայնքում հրթիռի բեկորներից 7-ամյա աղջիկ է ծանր վիրավորվել։ Չերնամորյանը տեղեկացրել է, որ կրթական բոլոր հաստատությունները փակ են, ցույցերն ու հավաքներն արգելված են։
Ապրիլի 14-ի գիշերն Իրանն ավելի քան 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Թեհրանի հարձակումներն ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան տարածքում իսրայելական ավիահարվածի պատասխանն են։ Իսրայելի վարչապետ Բենամին Նեթանյահուն հայտարարել էր Իրանի հարձակումը հետ մղելու և իրանական ԱԹՍ-ների ու հրթիռների ավելի քան 99%-ը խոցելու մասին։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցրած հարվածի հետևանքով զոհվել էր ԻՀՊԿ յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: Ապրիլի 11-ին հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորականները բարձր պատրաստվածության են բերվել Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով։