Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մեկնաբանել է երկրում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքը։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի նպատակը ոչ թե ռուսական հեռուստաալիքները փակելն է, այլ Երևանի և Մոսկվայի միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիրը վերանայելը։
«Հավատացնում եմ Ձեզ՝ մեր նպատակը ոչ փաստաթղթի խզումն է, ոչ էլ հեռուստաալիքներ փակելը, այլ նպատակ ունենք հավատարիմ մնալ փաստաթղթին, որովհետև մենք հավատարիմ ենք մնում մեր դրած ստորագրությանը: Եթե կոնսուլտացիաների գործիքը չի աշխատում, մենք պարտավոր ենք նոր գործիքակազմով հարստացնել փաստաթուղթը»,- նշել է նախարարը։
Հայրապետյանը հավելել է, որ փաստաթուղթը սահմանում է «խաղի կանոններ», սակայն դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմ գոյություն չունի։
Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։ Նույն օրը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չհստակեցնելով պատճառները:
Ապրիլի 10-ին Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում: