ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կեղծ համարելով այն լուրերը, ըստ որոնց «հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են»:
Ըստ հաղորդագրության՝ կառավարության՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշմամբ՝ այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով, 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման օֆերտայի սկզբունքով փոխհատուցվող 43 միջոցառումներից/ենթամիջոցառումներից 2-ը («Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» և «Վերականգնողական բժշկական օգնություն-1327»), համաձայն ՀՀ կառավարության՝ 2004թ․ մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի, սույն թվականի ապրիլի 17-ից սկսած` իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ նույն հավելվածով սահմանված կարգով և Առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։
«Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառումներով շարունակվում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,- ասված է հաղորդագրությունում:
Ապրիլի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։ Ըստ աղբյուրի՝ երեք ամիս է, ինչ տարին սկսել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է։ «Սա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել բուժհաստատություններին, քանի որ բուժայցելուներին արդեն կանչել են, հետազոտությունները, վիրահատությունները պլանավորել, իսկ այժմ ստիպված են նրանց ուղարկել տուն, և կրկին հերթագրում իրականացնել։ Երեկվանից բուժհաստատություններում քաոս է»,- գրել է օրաթերթը։