Ստամբուլի նահանգապետի վարչակազմը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հասարակական միջոցառումն արգելելու մասին, հայտնում է Bianet գործակալությունը։
Ապրիլի 24-ի Հիշողության հարթակի կողմից կազմակերպված միջոցառումը պետք է տեղի ունենար Քադըքոյ շրջանում։ Գործակալությունը Ստամբուլի իշխանությունների արգելքը կապում է հարթակի նկատմամբ խտրականության քաղաքականության հետ և ասում է, որ որոշումը քննադատության է ենթարկվել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից:
«Չնայած արգելքին՝ «Ռասիզմի ու խտրականության դեմ մարդու իրավունքների» կոմիտեն նախատեսում է նույն օրը «Ճանաչել, ներողություն խնդրել, փոխհատուցել» խորագրով մամուլի ճեպազրույց անցկացնել Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող իր կենտրոնակայանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ստամբուլում տեղի կունենա նաև «Ցեղասպանություն. ինչո՞ւ է անհրաժեշտ առճակատումը» խորագրով ֆորում` նվիրված ցեղասպանությանը դիմակայելու անհրաժեշտությանը:
Ստամբուլի իշխանությունները նաև թույլ չէին տվել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական միջոցառումն անցկացնել 2022 և 2023 թվականներին։ Թուրքիայի Կանաչների ձախ կուսակցության ներկայացուցիչները 2023 թվականի ապրիլի 23-ին հիշատակի միջոցառում էին կազմակերպել՝ նվիրված Ցեղասպանության 108-րդ տարելիցին։