Երևանի Հանրապետության հրապարակից այսօր ժամը 19։15-ին մեկնարկել էր Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը, որը կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
Երթի մեկնարկից առաջ մասնակիցները, ավանդույթի համաձայն, այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները՝ ի նշան Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականության դեմ բողոքի:
Երթն անցել է Երևանի կենտրոնական փողոցներով (Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Օրբելի փողոց և Կիևի կամուրջ) դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Այս տարվա ջահերով երթի կարգախոսն է՝ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»։
Ջահերով երթի առջևում քահանաներն էին խաչով, նրանց հաջորդում էին ՀՄԸՄ-ի ներկայացուցիչները՝ կրելով ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները, որից հետո քայլում էին ջահակիրներն ու քաղաքացիները։ Երթի մասնակիցները ծածանում էին Հայաստանի և Արցախի 100 մետրանոց դրոշները։ Միջոցառման մասնակիցները վանկարկում էին՝ «պայքար», «ճանաչում» և այլ կարգախոսներ։
Այս տարի միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀԵՄ-ի վարչության ատենապետ Գոռ Սարգսյանը նշել է, որ ջահերով երթը Հայաստանում ավանդաբար տեղի ունեցող միակ հակաթուրքական միջոցառումն է։ «Երեկ հայ մարդիկ Արցախում պայքարում էին արժանապատիվ ապրելու համար, այսօր նույնն անում են Տավուշում։ Չկա Արցախի հարց, չկա Տավուշի հարց, կա մեկ հարց՝ հայկական հարց ու հայկական դատ, որը մեր թշնամիներն ուզում են փակել»,- ասել է նա։
Խոսքն ուղղելով ադրբեջանցի երիտասարդներին՝ նա ասել է․ «Դուք մեր Շուշին չեք վայելելու, դուք մեր հայրենիքը չեք վայելելու։ Մեր սերունդներին այդպես ենք դաստիարակելու։ Մեր անունն է պայքար, իսկ վախճանը՝ հաղթանակ»։
Իր խոսքում պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ անդամ Սարգիս Մկրտչյանը նշել է, որ այսօր օտարների ու նրանց կամակատար մի խումբ հայերի միջոցով հսկայական ճիգ է թափվում հայ ազգի մեջ հուսահատություն ու հիասթափություն, կասկածամտություն ու երկպառակություն սերմանելու համար, փորձում են համոզել, որ «խաղը վերջացել է»։
«Խաղը չի ավարտվել։ Խաղը վաղուց սկսել ու շարունակվում է։ Եվ խաղն իր ավարտին կհասնի միայն այն ժամանակ, երբ հաստատվի արժանապատիվ խաղաղություն։ Սա է լուծումը։ Միակ լուծումը։ Սա են մեզ հուշում, մեզ թելադրում մեր 1.5 միլիոն նահատակները։ Սա են մեզ հուշում ու թելադրում Արցախյան ազատամարտի ճանապարհին ընկածները»,- ընդգծել է Մկրտչյանը։
Ջահերով երթն ավարտվել է Ծիծեռնակաբերդում, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան Խաչատրյանն աղոթք է կարդացել՝ ի ոգեկոչում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։