Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի քրդամետ և ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության Շիշլիի շրջանային կառույցը Փանգալթը մետրոյի մուտքի մոտ հանդես է եկել ցեղասպանության վերաբերյալ մամուլի հայտարարությամբ, հայտնել է Ermeni Haber գործակալությունը։
Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ։
Նշվում է, որ ներկա են գտնվել կուսակցության պատգամավորներ Օզգյուր Սաքին և Քեզբան Քոնուքչուն, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քեզբան Քոնուքչուն, մասնավորապես, նշել է. «Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպին»։
Անի Քալքը, որը ցեղասպանության ժամանակ կորցրել է իր հարազատներին, նշել է, որ ժողովուրդը 109 տարի առաջ համակարգված կերպով բնաջնջվել և բռնի արտաքսվել է։
Ապրիլի 23-ին Ստամբուլի իշխանություններն արգելել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրային միջոցառումը։