Տավուշի մարզից Ադրբեջանին սահմանամերձ տարածքներ զիջելու գործընթացին դեմ, բողոքի ակցիայի մասնակից, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության խորհրդանիշ դարձած Լենա տատիկը Armenia Today-ին պատմել է, որ պայքարում է հողի, ջրի, գերեզմանի համար։
«Ամեն օր ու ժամ էլ այստեղ եմ, մեր հողի, ջրի, գերեզմանի համար եմ պայքարում։ Գիտեմ, որ լավ երիտասարդներ ունենք, որ պայքարում են, մենք էլ այստեղ կմնանք, իրենց կողքին»,- ասել է Լենա տատիկը։
Նրա խոսքով՝ գիշերել է վրանում, չի պատրաստվում թույլ տալ, որ հայկական տարածքներ հանձնվեն՝ չնայած իշխանության ներկայացուցիչների հակառակ պնդումներին։
96-ամյա Լենա տատիկի խոսքով՝ «պետք է երիտասարդների կողքին լինել, երբ թուրքը գա»։
«Բա ո՞ր թուրքը գա, երիտասարներին մենակ չե՞նք թողնի։ Պետք լինի՝ ձեռքիս փայտով կկռվեմ»,- նշել է նա:
Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու Կիրանց գյուղի հատվածը 6-րդ օրն է փակ «Տավուշը հանուն հայրենիքի»-ի նախաձեռնության մասնակիցների կողմից։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։
Ապրիլի 23-ին կառավարությունից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշտման գործընթաց, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 19-ին՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։