Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան բնակիչների կողմից արգելափակված առանց պետհամարանիշի մեքենայի մեջ գտնվում էր գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանը, հայտնում է «ՍիվիլՆեթ»-ը։
Առանց պետհամարանիշի մեքենայի դիմացի նստատեղին նստած Պետրոսյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետն է։
«ՍիվիլՆեթ»-ի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում է կատարել համացանցում և Pimeyes.com հավելվածի միջոցով պարզել, որ տվյալ դեմքով անձի լուսանկարներ առկա են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ նախագահի, ինչպես նաև մի շարք հայաստանյան լրատվական կայքերում։
Պետրոսյանն ընդգրկված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 22-ի որոշմամբ ձևավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի մեջ։
Տավուշում ապրիլի 26-ի երեկոյան բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ Կիրանց գյուղի ճանապարհը փակած ցուցարարների միջև։ Բողոքի ակցիայի վայրում իրավիճակը սրվել էր սահմանամերձ գոտուց եկող մեքենաների պատճառով։ Ցուցարարները հրաժարվել էին թույլ տալ մեքենաներին անցնել։ Ըստ ցուցարարների՝ մեքենաների մեջ եղել են սահմանագծման շրջանակներում քարտեզագրական չափումներ իրականացնող խմբի անդամներ։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ մյուս մարզերում և Երևանում։