«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի կոչ է արել ընտանիքին «խորհրդարանը չշփոթել «Պապլավոկի» հետ»։ Նա այսպես է արձագանքել լրագրողների խնդրանքին՝ հաստատել այն տեղեկությունը, ըստ որի «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի օգնականը հարվածել է Civic.am-ի լրագրողին։
Civic.am-ի լրագրողը, ըստ Հովհաննիսյանի, հարցազրույց է վերցրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից մեկից, որից հետո նրան է մոտեցել «Լևոն Քոչարյանի, ըստ էության, թիկնապահը, բայց օգնականի հաստիքի վրա գրանցված երիտասարդ», հայհոյել է նրան և հարվածել դեմքին:
«Թող հանկարծ Քոչարյանների ընտանիքն Ազգային ժողովը չխառնի «Պապլավոկի» հետ, այլապես մեր վերաբերմունքը շատ կոշտ է լինելու թե՛ իրավական, թե՛ քաղաքական մակարդակում, եթե փորձեն շարունակել այս պահվածքը»,- ասել է պատգամավորը։
2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Շառլ Ազնավուրի հետ գնացել էր Երևանի «Պապլավոկ» սրճարան։ ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանը, սրճարանում հանդիպելով Քոչարյանին, դիմել էր նրան «Բարև, Ռոբ» բառերով, որից հետո նախկին նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախման արդյունքում մահացել էր։ Քոչարյանի թիկնապահներից մեկը՝ Աղամալ Հարությունյանը, ենթարկվել էր քրեական պատասխանատվության և 2002 թվականին դատապարտվել մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ անզգուշությամբ սպանության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։