2023-ի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները մայիսի 1-ին ՀՀ կառավարության դիմաց ակցիա են իրականացնում։ Հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, լրագրողներին հայտնել է, որ գործը կոծկելու միտում են տեսնում։
«Եթե թվում է, որ կարող են գործը փակել, չարաչար սխալվում են, մինչև վերջ ենք գնալու։ Ուզեն, չուզեն, պետք է բացահայտեն։ Մինչև մայիսի 10-ը իշխանություններին ժամանակ ենք տալիս, որպեսզի կալանքի տակ վերցնեն նրան, ում պետք է։ Ես կարող եմ անուններ տալ, բայց որոշ հարցեր հաշվի առնելով՝ չեմ նշի»,- ասել է Կիրակոսյանը։
Նա հայտնել է, որ մայիսի 10-ին հրդեհի գործով դատական նիստ է լինելու։
«Եթե մայիսի 10-ի դատին գնանք ու տեսնենք, որ տվյալ չակերտավոր մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում չեն հարուցել և կալանքի հարց չի բարձրացվել, բոլոր ծնողներով, հարազատներով ու ընկերներով գալու ենք ու, մեղմ ասած, անհարմարություն ենք ստեղծելու իրենց համար։ Մինչև մայիսի 10-ը թող խելքները գլուխները հավաքեն։ Անհայտ պայմաններում 15 երեխեքի սպանությունն իրենց համար խաղ ու պար չէ»,- հավելել է նա։
2023-ի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։ Քննիչները հրդեհի պատճառ էին համարել կապիտան Եղիշե Հակոբյանի կողմից վառարանը վառելու համար բենզինի օգտագործումը, նրան մեղադրանք էր առաջադրվել: Մեղադրանքներ էին առաջադրվել նաև բրիգադի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման և սպասարկման գծով տեղակալ Գոռ Աղեկյանին և Հանրային կոմունալ ծառայության, հրդեհային անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մառլեն Սարգսյանին: