Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ խոսել է մարտական գործողությունների, Մատաղիսի զորամասի հետնահանջի մասին։
«2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Թալիշը գրավեցին, ես պահանջեցի, որ հավելյալ ուժեր և միջոցներ հատկացնեն Թարթառ գետի վրա զորամասն արտաքին աշխարհի հետ կապող երկու երկաթբետոնե կամուրջները պաշտպանելու համար, որից հետո՝ 3-րդ օրը, Երկրապահ կամավորական միության «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդից մեկ հատուկ նշանակության վաշտին տեղակայեցին Վահե 1 և Վահե 2 կամուրջների պաշտտպանության համար։ Երբ 7-րդ օրը Մատաղիսը գրավեցին, ես իջա, որ հասկանամ՝ ինչ է կատարվում զորամասի աջ թևում, որ հանկարծ շրջափակման մեջ չհայտնվենք»,- պատմել է Ջալավյանը։
Նա հավելել է, որ Վահե 1 կամրջի մոտ, որը նաև անցակետ էր, վաշտից մի խումբ է տեղեկայված եղել։
«Նրանց թվում Արման Պետրոսյանն էր, երջանկահիշատակ Մենուա Հովհաննիսյանը (Հովհաննիսյանն Արցախի հերոս է, Կարին Տոնոյանի որդին-խմբ․)։ Հրամայեցի մարտական գործողության համար տղաներ առանձնանցնեն։ Արմանն ու Մենուան սիրահոժար իրենց համաձայնությունը տվեցին։ Հաշվի առնելով, որ իրենց ծանոթ՝ Մատաղիսից դեպի Մարտակերտ տանող ճանապարհը հակառակորդը վերցրել է վերահսկողության տակ, զորքը հետ է քաշվել «Եղնիկներ» զորամասի՝ իրենց համար անծանոթ լեռնային ճանապարհով։ Մեծ էր այդ վաշտի տղաների գործողությունը, որոնք կազմակերպել էին Մատաղիսի զորամասի հետնահանջը, որովհետև անծանոթ տեղամասում թե՛ ժամկետային զինծառայողները, թե՛ պայմանագրայինները, թե՛ կամավորները, թե՛ սպայական կազմը մոլորվել էին»,- պատմել է Քյոխը։
Նա նշել է, որ հետնահանջից հետո վերոնշյալ կամուրջները պայթեցվել են։
«Բայց անգամ պայթեցնելուց հետո մոլորված զինծառայողները, սոված-ծարավ, շարունակում էին զորամաս գալ, որ փրկվեն։ Երբ կամուրջները պայթեցված էին, անձնակազմի խնդիր ունեինք, ես խնդրեցի վաշտի հրամանատարին, որ վաշտը տեղակայենք առաջնագծին մոտ բնագծում՝ հակառակորդին զսպելու և պաշտպանությունն ամուր կազմակերպելու համար: Վաշտի 100 հոգուց 35 հոգին համաձայնեցին։ Նրանց թվում էին Պետրոսյանը, Մենուան և ևս 32 կամավոր։ Նրանք տեղակայվեցին առաջնագծին մոտ սահմանագծում՝ մասնակցելով և՛ պաշտպանողական, և՛ հաձակողական գործողություններին: Հարձակողական գործողություններից մեկի ժամանակ 4 հոգու հետ նահատակվեց նաև Մենուան՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ»,- նշել է հրամանատարը։
44-օրյա պատերազմն սկսվել էր սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ընդունված համաձայնագրով։ 44-օրյա պատերազմում հայկական կողմը, պաշտոնական տվյալներով, 3825 զոհ ունի։