Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը 8-րդ տեղն է զբաղեցրել Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ-2024» երգի 68-րդ մրցույթի եզրափակչում, տեղեկանում ենք մրցույթի կայքից:
Խումբը հանդես է եկել Jako երգով, որի կոմպոզիտորներն ու խոսքերի հեղինակներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանը և մուլտինստրումենտալիստ Լուի Թոմասը: Հայաստանի ներկայացուցիչները ելույթ են ունեցել 19-րդ համարի ներքո և ստացել են 183 միավոր հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքներով:
Առաջին տեղն զբաղեցրել է Շվեյցարիայի մասնակիցը, Nemo-ն ՝ the Code երգով, երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Խորվաթիայի պատվիրակը (երգչուհի Baby Lasagna-ն ՝ RIM Tim Tagi Dim երգով) և Ուկրաինայի ներկայացուցիչը (դուետ Alyona Alyona (Ալյոնա Սավրանենկո) և Jerry Heil (Յանա Շեմաևա) «Teresa & Maria»):
Եզրափակչում հանդես են եկել Հայաստանը, Լատվիան, Ավստրիան, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան, Շվեդիան և Ուկրաինան, ինչպես նաև կազմակերպիչ 5 երկրների՝ Իտալիայի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի պատվիրակները։ Նիդերլանդների պատվիրակը, որը ևս պետք է հանդես գար եզրափակչում, որակազրկվել է՝ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ լրագրողի հետ ունեցած միջադեպի պատճառով։
Մարտի 9-ին հայտնել էինք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը։ Մայիսի 9-ին «Լադանիվա» խումբն անցել էր մրցույթի եզրափակիչ փուլ։ Մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով՝ Ադրբեջանը չէր անցել եզրափակիչ փուլ։
Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը հորդորել էր չզարմանալ «Եվրատեսիլ-2024» մրցույթում Հայաստանի հաղթանակով։ Երգչուհին «Լադանիվայի» ստեղծագործությունն անվանել էր «համակովկասյան երգ» և հավելել, որ նրա մեջ հայկական ոչինչ չի տեսնում։
2023թ․ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (էլեն Երեմյանը) Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Future Lover երգով զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը։