Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրը՝ 67-ամյա Օլգա Սանոսյանը, Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում, պարզել է «Հետքը»։
Լրատվամիջոցը հայտնել է, որ Առինջ գյուղում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023թ. մարտին։ Ըստ «Հետքի»՝ գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ (49 հազար դոլար), որը բավական ցածր է շուկայական արժեքից։
«Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ»,- գրում է լրատվամիջոցը։
Նախարարի մայրը հողամասը գնելուց երկու ամիս հետո ստացել է նախագծման, ապա շինարարության թույլտվություն։ Ըստ «Հետքի» տվյալների՝ երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ, իսկ հողամասի վրա կառուցված շինությունների ընդհանուր մակերեսը՝ 527 քմ, որի արժեքն առանց ներքին հարդարման 237 հազար դոլար է։
Ըստ հայտարարագրի՝ Սանոսյանը 2022թ. ավարտին իր բանկային հաշվին ունեցել է ընդամենը 2.9 միլիոն դրամ, իսկ կանխկիկ՝ 7.2 միլիոն դրամ և 150 հազար ռուբլի։ Մայրը նախարարի ընտանիքի հետ չի ապրում, ուստի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի։
Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ նախարարը նշել է, որ առանձնատունը կառուցում են ՌԴ-ում աշխատող եղբայրները։ «Հայրս ու երկու եղբայրներս տարիներ շարունակ աշխատում են ՌԴ-ում, եղբայրներս այժմ էլ շարունակում են աշխատել այնտեղ։ Հողամասի ձեռքբերումն ու առանձնատան շինարարությունն իրականացվում է նրանց գումարներով»,- գրավոր հարցմանը պատասխանել էր նախարարը։