Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, միշտ պատրաստ է սատար կանգնել նրան, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին հարցին։
«Մենք տեսանք դրական արձագանք և նորից կրկնում ենք, որ բոլոր առաջարկները, որ արվել են, տեղին են։ Որպես դաշնակից՝ մենք միշտ պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել՝ ելնելով Երևանի կարիքներից»,- ասել է ռուս դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին անմիջապես միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որն անհրաժեշտ տեխնիկան փոխանցել է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությանը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել 102-րդ ռուսական ռազմակայանի ուժերի և ռեսուրսների ներգրավմամբ։ Օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ։ Մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որն սպասարկում է Երևան-Թբիլիսի երթուղին, այս օրերին ակտիվորեն զբաղվում է ջրհեղեղի հետևանքով ընդհատված երկաթուղային հաղորդակցության վերագործարկմամբ»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ միջադեպի վայր են ուղարկվել տարբեր մասնագիտությունների ռուս մասնագետներ, որոնք «Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին լուծում են փնտրում ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված բարդ խնդիրների»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել տարերային աղետի զոհերի հարազատներին։ Ռուսական կողմը, ընդգծել է նա, կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն՝ ջրհեղեղից տուժած շրջաններում բնականոն կյանքի վերականգնման համար։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել էին: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։