Լոռիում և Տավուշում տեղի ունեցած հեղեղումների հետևանքների ավելի ճշգրիտ գնահատման և դրանց վերացման համար ՆԳ նախարարությունը Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն ակտիվացնելու և ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունն ստանալու հայտեր է ներկայացրել: Այս մասին Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ըստ ՆԳՆ-ի՝ 9 համայնքում և 2 մարզում արդեն ստեղծված են տարածքային և մարզային հանձնաժողովներ: Նրանք տեղում իրականացնելու են պատճառված վնասների գնահատում, կազմելու են համապատասխան ակտեր, որոնք ներկայացվելու են հանձնաժողովին։
ՆԳՆ-ն հայտնում է, որ հանձնաժողովը որոշել է կենտրոնանալ գնահատման միասնական ձևաչափ ստեղծելու վրա, ինչը կօժանդակի տարբեր համայնքներում միատեսակ մոտեցումներ և տեղեկատվության հավաքագրում ապահովելուն: Գերատեսչությունը շեշտել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել վնասների գնահատման միասնական ձևաչափին։
«Միասնական ձևաչափի սահմանման առումով՝ որոշվել է նաև ներգրավել փորձագիտական ներուժ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ գործընթացը հուսալի տեղեկատվական բազայի վրա կառուցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովը հանձնարարել է ըստ նոր ձևաչափի շարունակել վնասի հավաքագրման և գնահատման աշխատանքները։ ՆԳՆ-ից հավելել են, որ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով պետությանը և համայնքներին, այդ թվում՝ պատմամշակութային արժեքներին պատճառված վնասները դիտարկվելու են առանձին:
Մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը խոստացել է օգնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից վնասված երկաթուղին վերականգնելու աշխատանքներում։ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի մյուս գործընկերները ևս օգնելու պատրաստակամություն են հայտնել։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։