«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները օրինագիծ են պատրաստում Հայ առաքելական եկեղեցու գույքի հարկման մասին, 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նա պարզաբանել է, որ ՀԱԵ-ի հարկման նախագծեր դեռևս շրջանառության մեջ չկան։ «Բայց ես և իմ գործընկերներն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե եկեղեցիների, այլ ՀԱԵ-ին պատկանող կոմերցիոն, հասարակական և արտադրական տարածքների և հարյուրավոր բնակելի շենքերի մասին է։
«Մենք ուսումնասիրում ենք այս ամենը, և կգա ժամանակ, երբ օրենսդրական նախաձեռնությունը կստանա իր տրամաբանական ձևը, և մենք կունենանք օրինագիծ»,- ասել է Վարդանյանը։
Մայիսի 21-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ եկեղեցուն հարկելուց առաջ պետք է հատուցման և խորհրդային տարիներին ավերված եկեղեցիների վերականգնման պահանջները լուծել։ Նա մեկնաբանել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերը, որ եկեղեցին պետք է հարկվի։ «Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք․ այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»,- ասել էր Սիմոնյանը։
Մայիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ 2018թ․ եկեղեցուն հարկման առաջարկ են արել։ Նա ասել էր, որ եկեղեցուն պաշտոնապես առաջարկել են հարկային համակարգ ներդնել և հավաքագրված ողջ գումարը վերադարձնել եկեղեցուն։ Փաշինյանը եկեղեցուն մեղադրել էր նաև դարեր շարունակ «ազդեցության գործակալ» լինելու մեջ։
Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել էր Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ՀԱԵ-ի նկատմամբ և եկեղեցու կողմից հարկեր չվճարելու մեղադրանքներն անվանել «անհիմն»։