Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցում խցանված դիտահորերից կոյուղաջրերի արտահոսքով պայմանավորված հակասանիտարական վիճակի հետ կապված հարուցվել է վարչական վարույթ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Armenia Today-ի խմբագրակազմը հարցում էր ուղարկել տեսչական մարմնին այն բանից հետո, երբ Shamshyan.com-ը հրապարակել էր տեսանյութ և հաղորդել, որ Սևան քաղաքի Նալբանդյան փողոցում ստեղծված հակասանիտարական վիճակն ստեղծվել է խցանված դիտահորերի պատճառով և որ տևական ժամանակ է հարցը լուծում չի ստանում։
Տեսչական մարմինը չի հստակեցրել, թե արդյոք տեղում ծանոթացե՞լ են խնդրին և ի՞նչ աշխատանքներ են կատարում խնդրի վերացման համար, չեն նշել խնդրի լուծմանն ուղղված ժամկետներ, իսկ ծախսերի հետ կապված պարզաբանել են, որ հարցը դուրս է տեսչական մարմնի գործառույթների շրջանակից:
Գերատեսչությունը տեղեկացրել է, որ վարույթը հարուցվել է տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետի պարտականությունները կատարողի 2024 թվականի մայիսի 31-ի զեկուցագրի հիման վրա։
«Վարչական վարույթը հարուցվել է Առողջապահության նախարարի 2009թ․ դեկտեմբերի 22-ի «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.002-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N25-Ն հրամանի հավելվածի 26-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահաջների պահպանումը պարզելու նպատակով»,- ասված է հարցման պատասխանում:
Մայիսի 31-ին Սևան քաղաքի բնակիչները հայտնել էին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փողոցներում խոշոր որդեր են սողում, ինչը տհաճություն է պատճառում քաղաքացիներին։