Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի բնակիչներն Armenia Today-ին պատմել են, թե ինչպես են վերապրել մայիսի 26-ի գիշերը Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղը։ Սանահինում, որը գտնվում է համանուն երկաթուղային կայարանի մոտ, բոլոր բնակիչները տարհանվել են, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները տարածքում մաքրման աշխատանքներ են իրականացնում։
«Գիշերվա ժամը երկուսին թակեցին պատուհանս ու ասացին՝ արթնացիր, ջրհեղեղ է»,- պատմում է Սանահինի բնակիչներից մեկը։
Շենքի առաջին հարկում բնակվող մի կնոջ խոսքով, երբ բացել է մուտքի դուռը, տեսել է, որ ջուրն արդեն ներթափանցում է շենք։ «Չէի պատկերացնում, որ այդքան ջուր կլինի, քանի որ նախկինում պատահում էր, որ Դեբեդի մակարդակը բարձրանում էր, բայց ջուրը տներ չէր լցվում։ Շրջվելով՝ տեսա, որ տանն արդեն մոտ 10-20 սանտիմետր ջուր կա»,- պատմում է նա։
Կինը պատմել է, որ հիմնականում բնակիչները չեն կարողացել ջրհեղեղից փրկել ոչ մի գույք, նույնիսկ փաստաթղթեր են թողել։ Նրա խոսքով՝ Սանահինում լույս չկա։ «Դա շատ սարսափելի իրավիճակ էր։ Մարդիկ վախեցած էին, շոկի մեջ»,- ասում է նա:
Գյուղի մեկ այլ բնակչի խոսքով՝ իրենց շենքը տուժել է և՛ ջրհեղեղից, և՛ անձրևից, որը վնասել է տանիքը։ «Մենք ապրում ենք երրորդ հարկում, առաջին հարկը վնասվել է ջրից, իսկ վերին հարկը հեղեղվել է անձրևից։ Մեր տունը հիմա տանիք չունի»,- ասում է տղամարդը։
Ջուրը տարել է նաև նրա ճագարներին։ Նա հայտնել է, որ վնասի գնահատում դեռ չի կատարվել։ «Վնասները մեծ են, ինքներդ էլ տեսնում եք»,- ասում է նա։
Սանահինի երկաթուղային կայարանի աշխատակիցը նշել է, որ ջրհեղեղի օրն օգնություն է ցուցաբերել թաղամասի տուժած բնակիչներին։ Տղամարդը նրանց տվել է կայարանում գտնվող իր սենյակը՝ հնարավոր օգնություն ցուցաբերելով, մինչև նրանց հարազատները լուսադեմին եկել են կայարան՝ տուժածների մոտ։
«Բոլորը լացակումած գալիս էին, փորձում էի օգնել»,- ասում է նա և հավելում, որ ջուրը լցվել է նաև իր սեփական բնակարանը։ Կայարանի աշխատակիցն ընդգծում է, որ ջրհեղեղից տուժածներին ցուցաբերվող օգնությունը դեռ Սանահին չի հասել։
Գյուղի մեկ այլ բնակիչ նշել է, որ չի կարողացել բացել տան դուռը և տուն մտնելու համար ստիպված է եղել պատուհանը կոտրել։ Նրա խոսքով՝ ջրհեղեղից հետո տանը մոտ մեկ մետր բարձրությամբ տիղմի ու հողի շերտ էր։ Ջուրը նույնիսկ լվացքի մեքենան տանից դուրս է բերել։ Տղամարդը չի հիշում նման ուժգնությամբ ջրհեղեղ։ «Ես 64 տարեկան եմ, նման բանի մասին չգիտեմ»,- ասում է նա։
Սանահինի մեկ այլ բնակիչ էլ պատմել է, թե ինչպես են տարհանել իրենց շենքի մարդկանց։ Նրա խոսքով՝ իրենց ընտանիքը նավով տարհանվել է առավոտյան մոտավորապես ժամը 05։00-ին։ «Երեխաները շատ էին վախենում, հատկապես փոքրիկը»,- պատմում է կինը։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։
Կարդացեք և դիտեք նաև Armenia Today-ի մյուս ռեպորտաժները՝
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 29-ին հայտարարել է երկրի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի «հսկայական» վնասի մասին։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը խոսել է հեղեղումների գոտում տիրող իրավիճակի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։