«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը, հայտնում է ՀՀ Ազգային ժողովը։
ՀՀ գործող օրենսդրությամբ՝ ամուսնության տարիքը 18-ն է: Որոշ բացառություններով՝ 16 և 17 տարեկանում ևս անձը կարող է ամուսնանալ:
Օրենսդրական նոր կարգավորմամբ Բաքոյանն առաջարկում է նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին:
ԱԺ-ն հայտնում է, որ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական առաջարկն անհրաժեշտ քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ կան ավանդույթներ, որոնք օրենսդրական կարգավորումից դուրս են:
Պատգամավոր Ալխաս Ղազարյանը, կարևորելով նախաձեռնությունը, հարակից զեկույցում խոսել է վաղ ամուսնության հետևանքով աղջիկների առողջական խնդիրների մասին, կարևորել հատկապես համայնքներում ամուսնության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանն ուղղված իրազեկումը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ևս կարևորել է փաթեթի ընդունումը, նշել, որ սա առաջին քայլն է՝ ցույց տալու պետության վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ:
«Պետությունն իր վերաբերմունքը պետք է արտահայտի այն հանգամանքի նկատմամբ, որ առնվազն չի խրախուսում երեխայի, մինչև 18 տարեկան անձի ամուսնությունը, բայց ինչպես կկառուցեն հարաբերությունները, դա իրենց կամարտահայտությունն է ինչպես մինչև 18 տարեկանը, այնպես էլ դրանից հետո»,- նշել է փոխնախարարը:
Առաջին ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու օրենսդրական բարեփոխումների թեմայով լսումներ ԱԺ-ում տեղի էին ունեցել փետրվարի 15-ին։