Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու և Տավուշի մարզեր, ծանոթացել հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել տեղի բնակչության հետ, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում Փաշինյանը ծանոթացել է ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին։
Նա նշել է, որ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է: Լիցքի միջոցով վերականգնվել է նաև Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետևանքով փլուզված ճանապարհի երթևեկությունը:
«Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է, լիցքի միջոցով ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է»,- Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը։
Փաշինյանն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ։ Զեկուցվել է, որ այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները
Armenia Today-ը մայիսի 26-ին այցելել էր աղետի գոտի, ռեպորտաժում Սանահին կայարան թաղամասի բնակիչները պատմել էին ջրհեղեղի հասցրած վնասների մասին։
Ջրհեղեղից տուժած Ալավերդու Թումանյան փողոցում, որտեղ ևս իրականացվել են վերականգնման աշխատանքներ, Փաշինյանը մտել է հեղեղված բնակարաններ և ծանոթացել է իրենց գործունեությունը վերսկսած խանութների և սպասարկման օբյեկտների աշխատանքներին։
Փաշինյանը նաև շփվել է ջրհեղեղից տուժած բնակիչների հետ, այցելել նրանց բնակարանները։
Գյուղի բնակիչը պատմել է, որ թաղամասի բոլոր տների առաջին հարկերը ջրալցվել են, ինչին Փաշինյանը պատասխանել է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բնակիչները հնարավորինս շուտ վերադառնան իրենց տներ։
Վարչապետը շեշտել է, որ առաջին իսկ օրերից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած օպերատիվ շտաբի առջև խնդիր է դրվել լուծել կարճաժամկետ խնդիրները։
Կառավարության ղեկավարն այցելել է Ախթալա բնակավայր, որը կամուրջի փլուզման հետևանքով հայտնվել էր մեկուսացման մեջ։ Նա նաև ծանոթացել է երկաթուղու և կամրջի վերականգնողական աշխատանքներին:
Նրան զեկուցել են, որ ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները: «Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Այն կապահովի կապը 6 բնակավայրի հետ», – ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Միաժամանակ զեկուցվել է, որ կառավարության օպերատիվ շտաբը տեղի բնակիչներին ապահովել է անհրաժեշտ սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով:
Վարչապետը նաև զրուցել է Ախթալայի բնակիչների հետ և երեխաներին պաղպաղակ հյուրասիրել։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։