ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հեղեղումների հետևանքով մեկուսացման մեջ հայտնված Ճոճկան բնակավայր, որի կապը այլ բնակավայրերի հետ վերականգնվել է: Նա եղել է նաև Քարկոփում, որտեղ հեղեղումներից հետո նույնպես վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։
«Այստեղ մասնակի վերականգնված է նաև ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Փաշինյանն այցելել է նաև Այրում, որտեղ հեղեղումների հետևանքով վթարվել է երկաթգիծը, կամուրջը, Փաշինյանը հետաքրքրվել է բնակիչներից, թե ինչպես են անհրաժեշտ ապրանքները տեղ հասցվում։
Նա նաև Այրումում գտնվող «Դամուար գրուպ» ընկերության մաքսային տերմինալի շենք է մտել, որը տուժել էր հեղեղումներից։
Փաշինյանը եղել է նաև Խաշթառակում, որտեղ վթարվել է տեղի կամուրջը: Նրան հայտնել են, որ բնակավայրն ունի այլընտրանքային ճանապարհ, սակայն Փաշինյանը շեշտել է կամուրջի վերակառուցման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու անհրաժեշտությունը։
Այցի վերջում Փաշինյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, հեղեղումներից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:
Փաշինյանը նշել է, որ պետք է ընդունել տուժած սեփականատերերին ըստ բնակարանի քառակուսի մետրի բնակարանների նորոգման կամ վերականգնման աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում: Միաժամանակ նա ընդգծել է, որ աջակցություն կտրամադրվի նաև կահավորման ուղղությամբ:
Վարչապետը կարևորել է ժամանակավոր կառուցված կամուրջների միջոցով մատակարարումների իրականացումը և ընդգծել, որ վթարված կամուրջների տեղում կկառուցվեն նաև բնակավայրի կոլորիտի հետ համահունչ նոր կամուրջներ՝ հաշվի առնելով նաև հեղեղումների հետ կապված փորձը:
«Իմ ընկալմամբ՝ առաջնահերթությունը մարդկանց աջակցելն է, որ վերադառնան իրենց բնակարաններ: Դրանց մեծ մասում, առանց էական վերանորոգման աշխատանքների, ապրել հնարավոր չէ»,- ասել է Փաշինյանը։
Նա հանձնարարել է միջոցներ ձեռնարկել մարդկանց բնականոն կյանքը վերականգնելու համար։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։