Գերագույն հոգևոր խորհուրդը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ ժողով է անցկացրել, որից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով հունիսի 12-ին հավաքի մասնակիցների նկատմամբ գործադրված միջոցները, տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվության բաժինը։
«Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։ Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ հայտարարության՝ ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության և զգաստության մեջ քաղաքական երկխոսության։
«Դատապարտելի է, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը»,- հայտարարել է Խորհուրդը:
Նշվում է, որ իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման միջոց։
Հայտարարության մեջ ասվում է, որ հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան ներքո տարածքային միակողմանի զիջումները նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում, տեղիք տվել անվստահության ձևավորման՝ հանգեցնելով ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին։
«Հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ ժողովրդի բարձրաձայնած մտավախությունները, ազգային կառույցների և մասնագիտական հանրույթի կոչերն ու հորդորները, սակայն, անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից և կամ հակադարձվում հավանական պատերազմի սպառնալիքներով»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ խորհրդի՝ հանրային ստվար շրջանակներում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որոնք դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, փորձ է արվում լռեցնել ցուցարարների նկատմամբ արժանապատվության նսեմացմանն ուղղված գործողություններով և բռնի անհամաչափ ուժի գործադրությամբ։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր, և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։