Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ Կանադայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցերը:
«Հանդիպումներ եմ ունեցել Կանադայի ԱԳՆ-ում, որտեղ քննարկվել են Արցախի հայ բնակչության ցեղասպանության հետ կապված ադրբեջանցի պաշտոնյաների՝ դատախազների, զինվորականների, ուժային կառույցների ներկայացուցիչների դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու հարցերը»,– ասել է բլոգերը:
Նա հայտարարել է, որ ունի ադրբեջանցի պաշտոնյաների «լուրջ ցուցակ», որը կազմվել է միջազգային գործերով մասնագիտացած հայ փաստաբանների հետ համատեղ:
«Մենք քննարկել ենք նաև արցախցի փախստականների Կանադա արտագաղթելու հնարավոր ծրագիրը»,- հավելել է բլոգերը:
Շատ արցախցիներ, ըստ Լապշինի, դժգոհ են, թե ինչպես են իրենց ընդունել Հայաստանում, և եթե նրանց խնդիրները հետագայում էլ պատշաճ կերպով չլուծվեն, նրանցից շատերը կարտագաղթեն այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան:
«Հայկական սփյուռքի ընդլայնումն այնպիսի ազդեցիկ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Կանադան, եվրոպական պետությունները, մեծապես ամրապնդում են Հայաստանի միջազգային դիրքերը»,- նշել է նա:
Լապշինը հայտարարել է, որ 10 օրից կմեկնի ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ծրագրել մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ կոնգրեսականների հետ:
Բլոգերն անդրադարձել է Հայաստանում գործող GG ընկերության` տաքսի և փոխադրումների ծառայության գրասենյակում վերջերս կատարված խուզարկություններին, որոնք հայաստանյան ընդդիմությունը կապել է ընկերության սեփականատիրոջ կողմից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցելու հետ: Լապշինն ընկերության հիմնադիր-տնօրեն Խաչատուր Գրիգորյանին մեղադրել է անբարեխիղճ բիզնես վարելու և հաճախորդներին խաբելու մեջ և կարծիք հայտնել, որ նա աջակցել է բողոքի շարժմանը՝ ընկերության ստուգումներից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով:
«Հայերի միամտությունը ցանկացած, նույնիսկ ամենաազնիվ քաղաքական շարժման նկատմամբ, որին գամվում է ամեն տեսակի խարդախ, ուղղակի ցնցող է»,- ասել է նա։
Փաստաբան Արսեն Բաբայանը հունիսի 15-ին հայտնել էր GG ընկերության գրասենյակը խուզարկելու մասին։ GG-ի հիմնադիր-տնօրենը հունիսի 13-ին իր Facebook-ի էջում աջակցություն էր հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա գլխավորած շարժմանը։
«Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»,- գրել էր Գրիգորյանը։