«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային սեզոնային գնացքի գործարկման մասին, որի առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 24-ին:
Նշվում է, որ գնացքը կգործի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։ Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով:
«Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքն էական փոփոխությունների չի ենթարկվել։ Լրացուցիչ տեղեկատվությանը, ինչպես նաև տոմսերի գներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում՝ www.railway.am»,- ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունը նշում է, որ 2024 թվականի 5 ամիսների ընթացքում ՀԿԵ գնացքներով տեղափոխվել է 217 հազար ուղևոր, ինչը 12%-ով ավելի է 2023 թվականի համանման ցուցանիշից։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։
Մայիսի 31-ին ՌԴ-ն հայտնել էր, որ ջրհեղեղից տուժած երկաթուղիների վերականգնման համար Ռուսաստանը գումար էր հատկացրել։ Նշվում էր, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի մասնագետները ջրհեղեղից հետո սկսել են վերականգնել Հայաստանի երկաթուղին։
Հունիսի 14-ին Լոռու մարզպետարանը հայտնել էր աղետի գոտում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքի վերականգնման մասին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր ջրհեղեղից վնասված երկաթուղու նախատեսված ժամանակահատվածից շուտ վերականգնման մասին։