Եվրոպական միությունը 100 հազար եվրո է հատկացրել Հայաստանի Լոռու և Տավուշի գյուղերում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար, հայտնում է ԵՄ-ի հայաստանյան գրասենյակը։
Նշվում է, որ ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ աղետի գոտի դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու համար։
«Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 ուղիղ շահառուների, այդ թվում՝ 2500 անհատների, ովքեր կստանան դրամական օգնություն՝ լուծելու իրենց ամենահրատապ կարիքները և 2760 անհատների, ովքեր կստանան աջակցություն կացարանի տրամադրման, ինչպես նաև ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջոցներն ուղղվելու են այն տնտեսությունների աջակցմանը, որոնց տները, ցանքատարածությունները, անասունները և պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետևանքով։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։ ՄԱԿ-ի կողմից իրականացվել էր Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի առաջնային գնահատում։
Մայիսի 31-ին ՌԴ-ն հայտնել էր, որ ջրհեղեղից տուժած երկաթուղիների վերականգնման համար Ռուսաստանը գումար է հատկացնում։ Նշվում էր, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի մասնագետները ջրհեղեղից հետո սկսել են վերականգնել Հայաստանի երկաթուղին։