Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին Երևանում 3-րդ հեծանվային զբոսանքն է կատարել, ինչի մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում։
«Այսօր տեղի ունեցավ մեր 3-րդ հեծանվային զբոսանքը Երևանում․ 21.7 կիլոմետր: Հեծանիվը կյանք է, հեծանիվը վայելք է, հեծանիվն առաջընթաց է. կեցցե՛ հեծանիվը»,- գրել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ քաղաքացիները ցանկության դեպքում կարող են միանալ իրեն և իր հետ հեծանիվ քշողներին։
«Ակումբի գործող կանոններն են՝ 0 քաղաքականություն, առավոտյան շատ վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն: Այս փուլում ակումբի որոշմամբ` հեծանվային զբոսանքի նվազագույն տարածությունը 20 կիլոմետր է»,- հավելել է նա։
Փաշինյանը հունիսի 5-ին քաղաքացիներին առաջարկել էր իր հետ հեծանից քշել։ Նա ցանկացողներին կոչ էր արել նամակ գրել իր էլեկտրոնային հասցեին: Առաջին հեծանվային զբոսանքը տեղի էր ունեցել հունիսի 7-ին, երկրորդը՝ հունիսի 14-ին։