ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով, հայտնել է factor.am-ը՝ հղում անելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Սիմոնյանի ներկայացրած 2023 թվականի հայտարարագրին։
Ըստ հայտարարագրի՝ տարվա ընթացքում Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 17 մլն 944 հազար դրամ` նախորդ տարվա 14 մլն 406 հազար դրամի դիմաց։
Հայտարարագրում նշվում է, որ Ազգային ժողովի նախագահը 2023 թվականի վերջի դրությամբ 3 վարկ ունի, որի մայր գումարի մնացորդների գումարը կազմել է շուրջ 63․7 մլն դրամ։ Վարկերից 2-ը նա վերցրել է բնակարան գնելու համար։ ԱԺ նախագահը Երևանի Կենտրոնում միանձնյա սեփականության 1 բնակարան ունի, որը ձեռք է բերել 2019 թվականին։
«Բացի այդ, Սիմոնյանը պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանից ստացել է 240 հազար դրամ, operative.am կայքի ներկայացուցիչ Գեղամ Սիմոնյանից` 814 հազար դրամ, լրագրող Անի Գևորգյանից` 240 հազար դրամ։ Ալեն Սիմոնյանը նշված անձանց դատի էր տվել վիրավորանքի և զրպարտության համար»,- հայտնել է կայքը։
Բացի այդ՝ Սիմոնյանը Ֆինանսների նախարարությունից ստացել է շուրջ 3 մլն 300 հազար դրամ և «Հայէկոնոմբանկ»-ից վարկ՝ շուրջ 353 դոլար։ ԱԺ նախագահը փոխառություն է տվել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին 53,8 մլն դրամ։ Նա տարեվերջին իր բանկային հաշվին ունեցել է շուրջ 1 մլն 700 հազար դրամ և 24 մլն 800 հազար դրամ կանխիկ գումար։
Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, տարվա ընթացքում Freenews հեռուստաընկերությունից ստացել է 8 մլն 192 հազար դրամ աշխատավարձ, 600 հազար դրամ էլ`ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ից, որտեղ աշխատում է որպես տնօրեն։ ԱԺ նախագահի կինը ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ից 10 մլն 800 հազար դրամ փոխառություն կամ վարկ է վերցրել, 447 հազար դրամ վերցրել է «Ամերիաբանկ»-ից։ Տարեվերջին Մարգարյանը 3 մլն 300 հազար դրամ և 1500 դոլար կանխիկ գումար է ունեցել։ Մարգարյանը 2021 թվականին նույն տարվա արտադրության LAND ROVER մեքենա է գնել։