2024թ. ապրիլ ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում աշխատանքի է անցել 16 300 արցախցի, 1065 անձ ունի գործող ա/ձ կամ գրանցված է որպես ընկերության հիմնադիր/մասնակից, ասվում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունում, որը ներկայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Հաշվետվության համաձայն՝ իրականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման և տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր` Կոռնիձորում, Գորիսում և Վայքում, տարածքային հումանիտար կենտրոնների ստեղծում մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում, սոցիալական աջակցության ծրագրերի մշակման և իրականացման միջգերատեսչական համակարգում:
Նշվում է, որ միջազգային համագործակցության շրջանակում փոխվարչապետի գլխավորությամբ և ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի աջակցությամբ ձևավորվել է փախստականների խնդիրների համակարգման հարթակ՝ զարգացման և հումանիտար գործընկեր կառույցների մասնակցությամբ:
Խաչատրյանը ներկայացրել է 300 դպրոցի կառուցման հետ կապված աշխատանքները: Մայիսի 31-ի դրությամբ՝ շահագործման է հանձնվել 8 դպրոց, 43-ում ընթանում են շինաշխատանքներ, որոնցից 24-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2024թ․ ավարտը: 500 մանկապարտեզի կառուցման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 430 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման աշխատանքներ։
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին: Նշվել է, որ մեկնարկել են Ագարակ-Քաջարան հատվածի շինաշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումն ավարտական փուլում է: Արդեն իսկ սկսվել է ջրի ամբարման գործընթացը:
Սուբվենցիոն ծրագրերի մասով փոխվարչապետը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 273 հայտ, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 92,7 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 49,4 մլրդ դրամ: Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները:
«Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող են բարձր գնային սեգմենտի մշակաբույսեր մշակվել, ցորեն են ցանում, այնտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, կոմերցիոն մեծ հետաքրքրություն ունեցող մշակաբույսեր, բայց ուղղակի հնարավոր չէ՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով»,- ասել է Փաշինյանը:
Հաշվետվության ժամանակ անդրադարձ է կատարվել Հին Երևան և 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրերին և առկա խնդիրներին, որոնց առնչությամբ վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին՝ նշվել է, որ 2023թ. օգոստոսի 11-ի ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխվել է ՀԿԲ ռազմավարության, ճանապարհային քարտեզի և արդյունքային շրջանակը, հստակեցվել է լիազորությունների շրջանակը, ՀԿԲ ռազմավարության միջոցառումների իրականացման համար փոխվարչապետի գրասենյակում ձևավորվել է փորձագիտական թիմ:
Անդրադարձ է կատարվել նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Փաշինյանը նշել է, որ ճանապարհային անվտանգության խնդիրները պետք է ամբողջական գույքագրել և առաջարկել համապատասխան լուծումներ:
«Ճանապարհային նշանների այն աստիճանի առատություն կա, որ ակնհայտորեն վարորդին շփոթության մեջ է դնում»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է ճանապարհային նշանների հետ կապված խնդիրները՝ ավելացնելով, որ իրականացված վերլուծությունների համաձայն՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների համակարգը լիարժեք անվտանգություն չի ապահովում, և աշխարհի բազմաթիվ երկրներ անցել են արագությունը տարածության վրա չափելու համակարգին։
Հունիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը։ Մայիսի 7-ին Փաշինյանը խոսել էր արցախցիներին աջակցելու կառավարության նոր ծրագրի մասին։