Հունիսի 19-20-ը Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպել է Գլենդելի (Կալիֆորնիա) քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ՝ քննարկելու Կապանի քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող համագործակցության հարցը: Այս մասին հայտնում են Կապանի քաղաքապետարանից։
Ասատրյանը Կապանի քաղաքապետին պատմել է առաջիկա ծրագրերի մասին և հայտնել, որ սեպտեմբերին Գլենդելի քաղաքապետարանի ընդլայնված կազմով պատվիրակություն կայցելի Կապան։
Հանդիպմանը ներկա էր նաև Գլենդելի քաղաքապետարանի պլանավորման և հետազոտությունների գրասենյակի տնօրեն Սամուել Ասեֆան։
Կապանը և Գլենդելը քույր քաղաքներ են դարձել 2002 թվականին։ Երկու քաղաքների միջև համագործակցությունն ընդգրկում է մշակույթի, տնտեսության, առևտրի և կրթության ոլորտները։
Ասատրյանը Գլենդելի քաղաքապետ էր ընտրվել 2024 թվականի ապրիլին։ Նա առաջին հայ կինն է, որն ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանի մեծությամբ 4-րդ քաղաքի քաղաքապետ է ընտրվել։