«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը 24News-ի եթերում անդրադառնալով իր «առևանգման» առեղծվածային դեպքին՝ պատմել է, որ իրեն առաջարկել են վերցնել շարժման առաջնորդությունը և փոխել բովանդակությունը։
Նա մանրամասնել է, թե ովքեր և ինչու են նրան հեռացրել Բաղրամյան պողոտայից, խոսել է Հայաստանից դուրս գալու դրդապատճառների, իր ու խորհրդարանական ընդդիմության փոխհարաբերությունների, ինչպես նաև Բագրատ Սրբազանի հետ ունեցած խոսակցությունների մասին։
Պետրոսյանի խոսքով՝ կեղծ են այն պդնումները, թե բախումների սկսվելուն զուգահեռ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Նա նշել է, իրեն զանգահարել են, չեն ներկայացել և կանչել են հանդիպման։
«Նրանք ասացին, որ հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի՝ իրենք գան հավաքի վայր՝ Բաղրամյան պողոտա, մեքենայի մեջ նստենք, խոսենք։ Եկել են իմ հետևից, և մենք մեքենայով շարժվել ենք դեպի Հրազդան՝ առանձնատուն։ Դա իմ կամքից անկախ է, սակայն առևանգում չէ։ Հնարավորություն չունեի զանգահարելու։ Ասել են՝ արդեն հասկացար, թե որ կառույցից ենք։ Պատասխանեցի՝ այո, վախենալու կառույցից, գլխով դրական պատասխան տվեցինք»,- պատմել է նա
Պետրոսյանը նշել է, որ մոտ մեկ ժամ հետո եկել է 2 մարդ, որոնք չեն ներկայացել անուն-ազգանունով, սակայն ասել են իրենց պաշտոնը, որը շատ բարձր էր։ խոսակցության ժամանակ իրեն ասել են, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով։
«Ասացին, որ ես եմ այս ընթացքում ինչ-որ կերպ տարանջատված շարժումից։ Ասել եմ, եթե տարանջատված եմ, ապա պառլամենտական ընդդիմությունից, բայց ոչ Սրբազանից։ Ասել են, որ այս շարժման հետևանքով կարող է նաև մարդ մահանալ։ Առաջարկել են վերցնեմ շարժման առաջնորդությունն ու բովանդակությունը փոխեմ։ Պատասխանել եմ, որ ի վիճակի չեմ դա անել։ Դուրս եմ եկել այնտեղից, այդ մարդկանց խնդրել եմ ինձ տանեն Ծաղկաձոր։ Քնել եմ այնտեղ, հաջորդ օրն իմ ընկերները եկել են իմ հետևից։ Այդ օրը կապվել և ասել եմ, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է»,- պատմել է նա։
Պետրոսյանը հավելել է, որ իր վրա ճնշում, հոգեբանական ճնշում, բռնություն տեղի չի ունեցել, այլ ցիվիլ խոսակցություն։
Հունիսի 12-ին ՀՀ խորհրդարանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից հետո, որի ժամանակ բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանով շուրջ 100 քաղաքացի դիմել էր բժշկական օգնության, Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ, ըստ ականատեսների, քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են նրան։ Իրավապահ մարմիններն այնուհետև հայտնել էին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Պետրոսյանը։ Հունիսի 17-ին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ Հասմիկ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Պետրոսյանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս և հունիսի 18-ին կվերադառնա երկիր ու հանդես կգա հայտարարությամբ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հունիսի 19-ին հայտնել էր, որ «հարցեր ունի» շարժման մասնակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին այն մասին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մասնակցել շարժմանը։ Նրա խոսքով՝ Պետրոսյանի հետ հանդիպել է հունիսի 13-ի երեկոյան, սակայն հանդիպումն իրենց համար անհասկանալի է մնացել, նա պետք է կարողանա հաստատել, որ իրեն առևանգել են։ Հունիսի 21-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ նախօրեին հանդիպել էր Սուրեն Պետրոսյանին և իրենք երկար խոսել են։