Հունիսի 24-ին Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Ապարան-Երևան մայրուղին, գրում է News․am-ը։
Ակցիան պայմանավորված է բնակավայրում լեռնադահուկային կոմպլեքս և ճոպանուղի կառուցելու նախագծի հետ, որով գյուղի 110 հեկտար հողատարածք հանրային գերակա շահ է ճանաչվում։
Այս պահին բնակիչների հետ բանակցում է ոստիկանությունը, հայտում է կայքը։ Նրանք պահանջում են, որ բողոքի ակցիայի վայր ժամանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մեր հողերը մեր ձեռքից տանում են։ Ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, քանի դեռ հարցին լուծում չեն տվել»,- ոստիկաններին հայտնել են բնակիչները։
Մարտի 10-ին Վարդենուտի բնակիչները փակել էին Երևան-Վանաձոր ավտոճանապարհը։ Նրանք ՌԻԴ ՍՊԸ-ից պահանջել էին դադարեցնել ընկերության կողմից Արագածի էկո-հագստավայրի կառուցումը։ Հայտարարել էին, որ դեմ են բնակավայրում լեռնադահուկային կոմպլեքս և ճոպանուղի կառուցելու նախագծին։ ՌԻԴ ՍՊԸ-ն բնակիչներին մեղադրել էր «անհիմն գումարներ շորթելու և ապօրինաբար հարստանալու փորձի» մեջ։ Ըստ ընկերության՝ բնակիչները ցանկանում են, որ «գերակա շահ ճանաչված հողամասերի փոխհատուցման գները բարձրանան»։
2023-ի մարտին կառավարությունը հավանություն էր տվել Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու նախագծին, որի ներդրումային ծրագիրը կազմում է 190 մլն դոլար։