«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է կրկնակի Օսկարակիր, ամերիկացի դերասան Քևին Սփեյսին, հայտնել է փառատոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:
Նա կերպարներ է կյանքի կոչել 1990-2010-ականների ամենաակնառու ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են «Քեյ-Փեքսը» (2001), «Յոթը» (1995), «Ամերիկյան գեղեցկությունը» (1999), «Կասկածելի դեմքերը» (1996), «Խաղաթղթե տնակը» հեռուստասերիալը (2013-2017) և այլն:
Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։