Տեսահսկման համակարգերի տեղեկատվությունը երրորդ անձանց չի փոխանցվի, հայտարարել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ մեկնաբանելով գերատեսչության օրենսդրական նախաձեռնությունը ձեռնարկությունների և տարբեր կառույցների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով կահավորելու պարտավորության մասին։
«Լավագույն պաշտպանական մեխանիզմն է կիրառվելու, կարծում եմ, դա բավարար երաշխիք է, որ այդ մտայնությունը փարատվի, կապ չունի թե կիբերհարձակումը որտեղից կարող են անել»,- ասել է նա։
Մարանդյանը մանրամասնել է, որ տեսահսկման համակարգեր տեղադրելու պահանջը տարածվելու է վարկային կազմակերպությունների, գրավատների, 100 քառակուսի մետրից ավել մակերես ունեցող առևտրի օբյեկտների, 50 քառակուսի մետրից ավել մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների, առևտրի վայրերի, ուսումնական հաստատությունների, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունների վրա։
Նշված տնտեսվարողների համար նախատեսվում է պարտավորություն, որն է՝ շինության հատկապես մուտքը դրսի կողմից տեսահսկման համակարգով կահավորելը։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողները մեկ տարվա ժամկետ ունեն իրենց շինությունը համապատասխան տեսահսկման համակարգերով կահավորելու համար։
Նախագծով նշված կազմակերպությունները պարտավորում են տեղադրված տեսախցիկների 24-ժամյա հասանելիություն տրամադրել ՀՀ ՆԳՆ-ին։ Մարանդյանը նախագիծը բացատրել է «տաք հետքերով» կարգազանցներին հայտնաբերելու անհրաժեշտությամբ։
«Տնտեսվարողների այս շրջանակի ընտրության հիմքում ընկած է նաև մեր քրեաբանական վերլուծությունը։ Նախագծի նպատակն է, որ ՀՀ տարածքում հանրային անվտանգութան որակը բարձրանա»,- նշել է նա։
Մարանդյանի խոսքով՝ նախագծի մշակումն ու ընդունումը մեծ կապ ունեն «խելացի քաղաքի» կոնցեպտի հետ, քանի որ ուրբանիզացիայի մակարդակի աճին զուգահեռ՝ մարդկանց կենտրոնացումը բերել է տարբեր խնդիրներ։
ԱԺ-ն հունիսի 11-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենսդրական նախագծերի փաթեթ, որով տնտեսավարող սուբյեկտները պարտավորվելու են շինության մուտքը և բոլոր կողմերն ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ։