«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահ Ռոման Խանամիրյանը 130 հազար դոլարով 3,5 հա հողատարածք է գնել Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում և ապօրինի տնտեսություն կառուցել, գրում է «Հետք»-ը։
Նա հողատարածքը գնել է գյուղի բնակիչներ Մարինե և Արթուր Սասունցյաններից, որից հետո այն գրավադրել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ում։ Ըստ «Հետք»-ի՝ շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։
2024թ. արբանյակից արված լուսանկարների միջոցով պարզվել է, որ հողամասում կառուցվել է նոր անասնաշենք, իսկ նախկին շինությունները վերակառուցվել են՝ մակերեսները մոտ 2.5 անգամ կրկնապատկելով։ Բացի այդ, ամբողջ 3.5 հեկտար հողամասը պարսպապատվել է։ Լրատվամիջոցը նշել է, որ Խանամիրյանը կառուցապատումն իրականացրել է առանց շինթույլտվության։
«Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի՝ օգոստոսի 17-ի որոշումից տեղեկանում ենք, որ Ռոման Խանամիրյանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագոմ և պարիսպ։ Այդ արարքի համար նշանակվել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նույն տարվա նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավարը ևս մեկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրյանը տուգանվել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նույն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։ Նույն որոշման համաձայն՝ սեփականատերը պետք է քանդի ապօրինի շինությունները»,- գրել է կայքը։
Համբարձումյանը «Հետք»-ին հայտնել է, որ որոշումներից մեկը Խանամիրյանը վիճարկում է դատարանում, իսկ մյուսի մասով համայնքը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։
Ծառայությունը 800 հազար դրամի չափով արգելանք է դրել Խանամիրյանի գույքի և դրամական միջոցների վրա։ Վերջինս իրավական գործընթաց է սկսել՝ 2.5 միլիոն դրամ տուգանքի որոշումը վերացնելու դեմ։
Հաշվի առնելով, որ թիկնապահի աշխատավարձով դժվար թե հնարավոր լիներ նման գույք ձեռք բերել, վերակառուցել, լրատվամիջոցը գրավոր հարցմամբ դիմել է Սուքիասյանին, որին ի պատասխան՝ պատգամավորի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել է․ «Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է, և համաձայն ՀՀ սահմանադրության՝ չի զբաղվում գործարարությամբ»։