«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կապը, կարելի է ասել, վերջնականապես խզվել է, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ լրատվականի՝ այս մասին նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու բակում գրեթե բաց տեքստով խոստովանել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ասելով, թե Սուրենի հետ չի հանդիպել, թեև հրաժարվել է գնահատականներ տալ երբեմնի զինակցի առեղծվածային անհետացմանը, ապա այդ առիթով նրա ներկայացրած պարզաբանումներին։
Ճշտող հարցին՝ Սուրեն Պետրոսյանը հիմա հանդիսանո՞ւմ է շարժման առաջնորդներից մեկը, Սրբազանը պատասխանել էր․ «Կվերադառնա, կխոսենք։ Չեմ կարծում, որ դա այդքան մեծ հարց է»։
«Մեզ պատմեցին, որ իրականում՝ Սուրեն Պետրոսյանի նկատմամբ ոչ թե հունիսի 12-ի առեղծվածային առեւանգումից հետո է անվստահություն առաջացել, այլ դեռ Կիրանցից։ Պետրոսյանը, ով մինչ շարժման մեկնարկն էր մեկնել Ոսկեպար-Կիրանց, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ստեղծվելուն պես մեծ ամբիցիաներ է ունեցել, հավակնել լիդերության»,- գրում է թերթը։
Բայց երբ ընդդիմադիր շարժումը ծավալվել է, այլ քաղաքական գործիչներ են միացել, Պետրոսյանը, ըստ թերթի, հասկացել է, որ հետին պլան է մղվում, ու փորձել է աղմկոտ պատմություններով մնալ բոլորի ուշադրության կենտրոնում։
«Դիցուք, ամեն ինչ արել է, որ հայտնվի ոստիկանությունում: Հատկապես հաշտ չեն եղել նրա և Գառնիկ Դանիելյանի հարաբերությունները, պարբերաբար սուր խոսակցություններ են ունեցել։ Փորձել է կանխել ոմանց հայտնվելը Սրբազանի կողքին, սակայն դա էլ չի ստացվել»,- գրում է լրատվականը:
Հունիսի 12-ին ՀՀ խորհրդարանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից հետո, որի ժամանակ բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանով շուրջ 100 քաղաքացի դիմել էր բժշկական օգնության, Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ, ըստ ականատեսների, քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են նրան։ Իրավապահ մարմիններն այնուհետև հայտնել էին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Պետրոսյանը։ Հունիսի 17-ին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ Հասմիկ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Պետրոսյանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս և հունիսի 18-ին կվերադառնա երկիր ու հանդես կգա հայտարարությամբ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հունիսի 19-ին հայտնել էր, որ «հարցեր ունի» շարժման մասնակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին այն մասին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մասնակցել շարժմանը։ Նրա խոսքով՝ Պետրոսյանի հետ հանդիպել է հունիսի 13-ի երեկոյան, սակայն հանդիպումն իրենց համար անհասկանալի է մնացել, նա պետք է կարողանա հաստատել, որ իրեն առևանգել են։ Հունիսի 21-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ նախօրեին հանդիպել էր Սուրեն Պետրոսյանին և իրենք երկար խոսել են։
Հունիսի 22-ին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը 24News-ի եթերում անդրադառնալով իր «առևանգման» առեղծվածային դեպքին՝ պատմել էր, որ իրեն առաջարկել են վերցնել շարժման առաջնորդությունը և փոխել բովանդակությունը։